ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 17-ին կայացած նիստում որոշում է ընդունվել վարույթ հարուցել դեղորայքի շուկայում գործող առավել խոշոր 19 ընկերությունների դեմ։
Մրցակցության հանձնաժողովի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների դեղերի շուկայում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նկատվել է դրանց իրացման գների բարձրացումներ։ Բարձրացել են հատկապես հակավիրուսային, սիրտ-անոթային, շաքարային դիաբետի դեղերի գները։ Նիստում նշվել է, որ այս դեղերի շուկայում գործող ներկրող եւ իրացնող խոշոր տնտեսվարողների վարքագիծը մրցակցային օրենսդրության խախտումների մասին է վկայում։ Տնտեսվարողներից հանձնաժողովը պահանջելու ապրանքի ձեռբերման եւ իրացման գների, վաճառքի գների փոփոխության մասին փաստաթղթերը։ Ընկերությունները պետք է տրամադրեն նաեւ պայմանագրերն ու հաշիվ ապրանքնագրերը։
19 ընկերությունների շարքում են նաեւ «Նատալի Ֆարմը», «ԱրՖարմացիան», «Արփիմեդը», «Ալֆա Ֆարմը»:
Նիստում նշվել է, որ պետք պարզել դեղերի շուկայում մրցակցության սահմանափակում առաջացնող պատճառները եւ խոչընդոտները։
Հիշեցնենք, որ Հայաստան «խոզի գրիպի» ներթափանցումից հետո դեղատներից սկսեցին պակասել հակավիրուսային միջոցներն ու հիգիենիկ դիմակները, իսկ գրիպի այդ տեսակի դեմ արդյունավետ դեղամիջոցներից «Տամիֆլուի» գինը, որոշ տեղեկությունների համաձայն, բարձրացել է մինչեւ 18 հազար դրամ, այնինչ մեկ ամիս առաջ այդ գինը կազմում էր մոտավորապես 4 հազար դրամ:



























