Ապրիլի 30-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Վլադիմիրի շրջանի Մուրոմ քաղաքը, որտեղ հարձակման է ենթարկվել ձեռնարկություններից մեկի պահեստային տարածքը, ասել է նահանգապետ Ալեքսանդր Ավդեեւը։ Նրա խոսքով՝ անօդաչու սարքերը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, սակայն անօդաչուները վնասել են երկու շենք, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել 720 քառակուսի մետր տարածքում: «Նախնական տեղեկություններով՝ զոհեր եւ վիրավորներ չկան»,- գրել է Ավդեեւը թելեգրամ-ալիքում։

Իրենց հերթին, տեղի բնակիչները տեղեկացրել են Astra-ին անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք հարվածել են Մուրոմի սարքաշինական գործարանին, որը քաղաքում անվանում են «վառոդի գործարան»: Ռուսական «Национальная оборона» ամսագիրը 2020թ. գրել էր, որ ընկերությունը, որը հիմնադրվել է 1941թ., «Զինված ուժերի բոլոր ճյուղերի, ՆԳՆ-ի, ԱԴԾ-ի եւ անվտանգության այլ գերատեսչությունների համար զինամթերքի պայթուցիկ սարքերի հիմնական արտադրողներից մեկն է»: Պիրոտեխնիկական արտադրանքի հիմնական գնորդների թվում են ՊՆ-ն, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Ռոսատոմը», «Ռոսկոսմոսը» եւ պաշտպանական արդյունաբերության հարյուրավոր ձեռնարկություններ։