«Կոռուպցիայի ընկալման համաթվի 2.7 գործակցով Հայաստանը ԱՊՀ երկրների ցուցակում անցած տարվա համեմատ նահանջ է արձանագրել եւ այժմ կիսում է 3-4 տեղերը, այն դեպքում, երբ անցած տարիներին կիսում էր 2-3-րդ հորիզոնականները»,- նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը։

Նշելով, որ կոռուպցիայի ընկալման համաթվի(ԿԸՀ) ցուցակում ընդգրկված են աշխարհի 180 երկրներ, կազմակերպության նախագահն ընդգծեց, որ 180 երկրներից 129-ի ԿԸՀ-ի արժեքները ցածր են 5-ից, այն դեպքում, երբ 0-ից 10 միջակայքով սանդղակում ամենակոռումպացվածը համարվում են 0, իսկ «ամենամաքուրը»՝ 10 գործակիցն ունեցող երկրները։ «Նախկին Սովետական Միության երկրների շարքում կոռուպցիայի ընկալման համաթվի 6.6 գործակցով առաջատարի դիրքերում Էստոնիան է, ամենավատ ցուցանիշները գրանցվել են Ուզբեկստանում»,- տեղեկացրեց նա։ Ա. Կոստանյանի խոսքով, տարածաշրջանում, անցած տարվա համեմատ, իրենց դիրքերը բարելավել են Վրաստանը, որտեղ ԿԸՀ-ն 3.9-ից աճել է մինչեւ 4.1 գործակցի եւ Ադրբեջանը՝ 1.9 գործակցից հասնելով 2.4-ի(սակայն, անգամ այս ցուցանիշներով, այն հետ է մնում Հայաստանից): Դրան հակառակ Հայաստանը ետընթաց է արձանագրել՝ անցած տարվա 2.9 գործակիցն իջեցնելով մինչեւ 2.7-ի։ Կոռուպցիայի ընկալման համաթվի նահանջ է գրանցվել նաեւ Թուրքիայում եւ Իրանում՝ համապատասխանաբար 0.2 եւ 0.5 արժեքներով. «Չնայած դրան՝ Թուրքիան գնալով բարելավում է իր դիրքերը եւ 2004-ից սկսած՝ նրա ԿԸՀ-ի ցուցանիշը բարձր է 4-ից»,- նկատեց Ա. Կոստանյանը։

Անդրադառնալով աշխարհի մյուս երկրների գրանցած ցուցանիշներին՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահը նշեց, որ ԿԸՀ ամենաբարձր արժեքները գրանցվել են Նոր Զելանդիայում՝ 9.4, Դանիայում՝ 9.3, Սինգապուրում եւ Շվեդիայում՝ 9.2 գործակից, իսկ ամենացածր նիշերով վերջից առաջին տեղում Սոմալին է՝ 1.1 գործակից, որին հետեւում են Աֆղանստանը, Սուդանն ու Իրաքը։

«Չնայած տարածված կարծիքին, թե աֆրիկական երկրներում իրավիճակն ամենավատն է, փաստ է, որ ընդհանուր տվյալներով, Աֆրիկայից ավելի վատ վիճակում, այսօր նախկին Խորհրդային միության երկրներն են»,- եզրափակեց նա։