Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մտքեր է փոխանակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ, РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

«Այսօր (մայիսի 12-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, դրանց թվում՝ Սիրիան, Գազան և Ուկրաինան։ Նախարար Ֆիդանն ընդգծել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման կարևորությունը նրա կայունության և բարգավաճման համար։ Ընդգծվել է ԱՄՆ քաղաքացի Իդան Ալեքսանդրի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակման կարևորությունը։ Կարծիքների փոխանակում է եղել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նպատակային բանակցությունների վերաբերյալ»,-նշել է գործակալության աղբյուրը։

«Ռուբիոյի՝ Թուրքիա կատարելիք այցի մանրամասները քննարկվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը տեղի կունենա Անթալիայում մայիսի 14-15-ը»,-նշել է աղբյուրը։