Ոստիկանությունը Կոնդում, հունվարի 4-ի գիշերը տեղի ունեցած սպանության նոր մանրամասներ է ներկայացրել:

Հիշեցնենք, որ հունվարի 4-ի գիշերը, ժամը 01.10-ի սահմաններում, Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոնդ թաղամասի բնակիչ Մերուժան Մինասյանը, ով նույն օրը, ժամը 06.00-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 4-ին, ժամը 01-ի սահմաններում, Կոնդ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել 45-ամյա Մերուժան Մինասյանի, 36-ամյա Ալեքսան Սիմոնյանի, 17-ամյա Հարություն Մկրտչյանի եւ 20-ամյա Հարություն Թանապուրյանի միջեւ, որի ժամանակ Հարություն Թանապուրյանը դանակի 15 հարված է հասցրել Մերուժան Մինասյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:

Նույն օրը, ժամը 17.15-ին, Հ. Թանապուրյանը եւ Հ. Մկրտչյանը հայտնաբերվել եւ ներկայացվել են բաժին:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հարություն Թանապուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, իսկ  Հարություն Մկրտչյանին` 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Հարություն Թանապուրյանը եւ Հարություն Մկրտչյանը կալանավորված են:

Նախաքննությունը շարունակվում է: