Հայաստանի խորհրդարանը սկսել է 2010թ. պետական բյուջեի օրինագծի քննարկումները: Ներկայացնելով փաստաթուղթը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե կառավարությունը շեշտը դնում է կենսաթոշակային հիմնադրամի ու ապահովագրության ոլորտի բարեփոխումների վրա, ինչը թույլ կտա մեծացնել հայկական տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը:

«Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու կենսաթոշակային եւ ապահովագրական ոլորտներին»,- նշեց վարչապետը։ Նրա խոսքով, փոփոխություններ են նախատեսվում նաեւ պետական կառավարման ոլորտում։ Թվով 9 միջոցառումներ կանցկացվեն առողջապահության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ։ Բարեփոխումները կշարունակվեն նաեւ սոցիալական եւ կրթական ոլորտներում։ Նա նաեւ հայտնեց, որ 2010թ. Հայաստանը միջոցներ կստանա «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից, ինչը թույլ կտա պահպանել բյուջետային ծախսերի ծավալը՝ 2009թ. մակարդակի վրա։

Նրա խոսքով, տնտեսական աճը 2010թ.-ին կկազմի 1.2 տոկոս։ «Մենք մտադիր ենք նաեւ 2009թ. մակարդակի վրա պահպանել սոցիալական ոլորտի ֆինանսավորումների ծավալները, եւ ես համոզված եմ, որ դա մեզ կհաջողվի»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ 2009թ. հետ համեմատած՝ աննշան կերպով կարող է իջնել ՀՆԱ-ի ցուցանիշը։

2010թ. բյուջեի նախագծով կանխատեսված 500 մլրդ դրամի փոխարեն 533 մլրդ դրամի ծախսեր են նախատեսվում։ Եթե տնտեսական իրավիճակը բարեհաջող լինի, ապա ցուցիչները կավելացվեն, եթե ոչ՝ ծախսերը կիրականացվեն պահուստային ֆոնդի հաշվին։ 2010թ. տեղական ինքնակառավաման ոլորտի ֆինանսավորումը 17 տոկոսով կգերազանցի 2009թ. ցուցանիշը՝ կազմելով 32.5 մլրդ դրամ։ Առանձին մաս է նախատեսված նաեւ Լեռնային Ղարաբաղի համար՝ 31 մլրդ դրամ։ Վարչապետի խոսքով, դա թույլ կտա ապահովել ԼՂՀ ազգաբնակչության անվտանգությունը։ Նա նաեւ նշեց, որ 2010թ. կառավարությունը կշարունակի աջակցել փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը։ Պայմաններ կստեղծվեն նաեւ հայրենական արտադրանքի արտահանման համար, կշարունակվեն հարկային եւ մաքսային ոլորտների բարեփոխումները։

Ավելի վաղ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել էր, թե 2010 թվականին Հայաստանը կմտնի տնտեսական կայունացման փուլ, կնկատվի 1,2 տոկոսանոց տնտեսական աճ։ Դեֆլյատորի քանակը կկազմի 2 տոկոս: Դեֆիցիտը կլինի 5-7 տոկոս ՀՆԱ, ինչը, համեմատած անցած տարիների հետ, բավականին բարձր ցուցանիշ է։

Դավթյանի խոսքերով, դոլարի հաշվարկային փոխարժեքը կլինի 376 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։