ԱՄՆ 22 նահանգների դեմոկրատ նահանգապետերը քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար Կալիֆոռնիայի Ազգային գվարդիայի մարտիկներ ուղարկելու վերաբերյալ։

«Նախագահ Թրամփի որոշումը՝ Կալիֆոռնիայի Ազգային գվարդիայի [ուժեր] մտցնելու վերչաբերյալ իշխանության չարաշահման տագնապ է առաջացնում։ Նահանգապետերն իրենց ազգային գվարդիաների գլխավոր հրամանատարներն են։ Դաշնային կառավարության գործողությունները ազգային գվարդիականների տեղակայման ուղղությամբ՝ առանց նահանգապետի հետ համաձայնեցման, անարդյունավետ եւ վտանգավոր են»,- նշվել է նահանգապետերի համատեղ հայտարարությունում։

Նրանց կարծիքով՝ անկարգությունների դեմ պայքարելու համար «ծովային հետեւակի զորքեր ուղարկելու սպառնալիքով» Թրամփը ցույց է տալիս վստահության պակաս «տեղի իրավապահ մարմինների նկատմամբ»։ «Մենք աջակցում ենք [Կալիֆոռնիայի] նահանգապետ Գեւին Նյուսոմին, որը հստակ հայտարարել է, որ բռնությունը չի հանդուրժվի, եւ որ տեղի պաշտոնյաները կարող են կատարել իրենց աշխատանքը առանց դաշնային քաոսային միջամտության եւ սպառնալիքների»,  եզրափակել են հայտարարության հեղինակները: Նրանց թվում են Վիսքոնսինի, Քանզասի, Քենտուկիի, Մինեսոթայի, Միչիգանի, Նյու Յորքի, Օրեգոնի, Փենսիլվանիայի եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգապետերը:

Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը ցույցերն անվանել է անկարգություն եւ քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։ Նրանք սկսել են քաղաք գալ հունիսի 8-ի առավոտյան. ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ այնտեղ այժմ գտնվում է մոտ 300 մարտիկ։