Այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պարեկների, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից փրկվել է քաղաքացու կյանք, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ժամը 04:00-ի սահմաններում պարեկները Հրազդանի կիրճում շրջագայություն կատարելիս օգնության ձայներ են լսել ու գնալով ձայնի ուղղությամբ, մոտ 15 մետր խորությամբ գտնվող Հրազդանի գետին հարակից եղեգնուտի մեջ հայտնաբերել են քաղաքացուն՝ անօգնական վիճակում:

Տեղում նրանք տեղեկությունը փոխանցել են Երևանի 1-03 շտապօգնություն ու մինչ բժիշկների ժամանումը՝ պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ պարագաներ՝ բուժօգնութուն ցուցաբերելով քաղաքացուն, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերել, ինչից հետո բժիշկներն ու պարեկները այդ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Մհեր Դ.-ն է:

Պարզվել է, որ եթե պարեկները փոքր-ինչ ուշ նկատեին և օգնություն ցուցաբերեին նրան, հնարավոր է՝ նրա կյանքը հնարավոր չլիներ փրկել: