Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը գտնվում է Իսրայելից Ֆրանսիա թռչող ինքնաթիռում, հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Գրետա Թունբերգը Իսրայելից մեկնում է Ֆրանսիա չվերթով»,- նշվել է հայտարարությունում։ Բացի այդ, Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է Թունբերգի լուսանկարը Ֆրանսիա թռչող ինքնաթիռում։ Բնապահպան ակտիվիստը պատկերված է ինքնաթիռի նստատեղին նստած։
Ynet պորտալի տվյալներով՝ Թունբերգը ինքնաթիռ նստելուց առաջ ստորագրել է Իսրայելից կամավոր արտաքսման մասին փաստաթուղթ։ Դրա համաձայն՝ բնապահպան ակտիվիստը նստել է իսրայելական El Al ավիաընկերության ինքնաթիռ, որը թռչում էր Ֆրանսիա, չնայած այն հանգամանքին, որ նա դեմ է օդի աղտոտվածության պատճառով ինքնաթիռների օգտագործմանը եւ «երկար տարիներ» չի թռել դրանցով։
Հունիսի 9-ի գիշերը Իսրայելի «Շայետետ 13» հատուկ ուժերի հրամանատարությունը վերահսկողության տակ էր վերցրել «Մադլին» նավը, որն ուղեւորվում էր դեպի Գազայի հատված: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նավը, որի վրա գտնվում էին 12 պաղեստինամետ ակտիվիստներ, այդ թվում՝ Թունբերգը, վերուղղորդվել է Իսրայելի ափեր: The Times of Israel թերթի տվյալներով՝ նավը Աշդոդ է ժամանել հունիսի 9-ի երեկոյան՝ Իսրայելի ռազմածովային ուժերի նավի ուղեկցությամբ, նավի վրա գտնվող 12 ակտիվիստները ձերբակալվել են իշխանությունների կողմից։
Ynet-ի տվյալներով՝ «Մադլին» նավի վրա գտնվող 12 ակտիվիստներից ութը, այդ թվում՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ռիմա Հասանը, հրաժարվել են ստորագրել Իսրայելից կամավոր արտաքսման համաձայնագիրը։ Պորտալի տեղեկացմամբ՝ ընթացակարգի համաձայն, նրանք բոլորը կալանավորվել են 96 ժամով, որը նրանք կանցկացնեն Իսրայել անօրինական կերպով մուտք գործած օտարերկրացիների համար նախատեսված կալանավայրում։ Դրանից հետո ութ ակտիվիստները կարող են արտաքսվել առանց նրանց համաձայնության, նշել է Ynet-ը։




























