Բալիմենա քաղաքում անչափահաս աղջկա բռնաբարությունից հետո հակամիգրանտային անկարգություններ են սկսվել։ Այս մասին հայտնել են The Belfast Telegraph-ը և The Daily Mail-ը։

Նշվում է, որ երկուշաբթի երեկոյան մոտ 3000 մարդ դուրս է եկել քաղաքի փողոցներ, որը գտնվում է Օլստերի մայրաքաղաք Բելֆաստից մոտ 45 կմ հեռավորության վրա։ Բռնաբարության ենթադրյալ վայրի մոտ տեղի ունեցած ցույցը, ի վերջո, վերածվել է ոստիկանության հետ բախումների, երբ ցուցարարները սկսել են քարեր և ապակե շշեր նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։ Բացի այդ, դիմակավորված անձինք Մոլոտովի կոկտեյլներ են նետել բնակելի շենքերի վրա, ինչի հետևանքով վնասվել է առնվազն չորս գույք։

Աղջկա ենթադրյալ բռնաբարությունը տեղի է ունեցել Բալիմենայում շաբաթ երեկոյան։ Դեպքից հետո ձերբակալվել են 14 տարեկան երկու դեռահասներ։ Երկուշաբթի օրը նրանք տեսակապի միջոցով ներկայացել են քաղաքային դատարան, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել բռնաբարության փորձի համար, ինչը երկու կալանավորվածներն էլ հերքում են։ Ինչպես հաղորդում է BBC-ն, նրանք դատավորի հարցերին պատասխանել են ռումինացի թարգմանչի օգնությամբ։