Հակաճգնաժամային քաղաքականության լիարժեք իրականացման դեպքում Հայաստանում աղքատության աճի բարձր ցուցանիշ չէր գրանցվի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Համաշխարհային բանկի հրապարակած՝ Հայաստանում աղքատության ավելացման մասին վերլուծության վերաբերյալ։ Ըստ նրա՝ Հայաստանում աղքատության թիվը շատ ավելի է բարձր է, քան Համաշխարհային բանկի վերլուծությունում նշված 28,4 տոկոսը։ «Աղքատների թիվը շատ ավելին է։ Եթե մենք այն հաշվենք կենսապահովման նվազագույն բյուջեով, ապա աղքատությունը 50 տոկոս կկազմի»,-ասաց Ա. Մինասյանը՝ ավելացնելով, որ նույնիսկ ՀԲ-ի վերլուծությունով է ապացուցվում, որ կառավարութան հակաճգնաժամային քաղաքականությունը պետք է փոխվի։
ՀԲ-ի վերլուծության համաձայն՝ Հայաստանում կտրուկ աճել է ծայրահեղ աղքատների թիվը։ Նախորդ տարվա 3,6 տոկոսի փոխարեն այս տարվա ընթացքում ծայրահեղ աղքատ է դարձել բնակչության 6,9 տոկոսը։ Տնտեսագետ պատգամավորի կարծիքով՝ առաջիկայում հանրապետությունում կսրվի սոցիալական լարվածությունը։ «Սոցիալական լարվածությունը կավելանա, անօթեւանների եւ մուրացկանների թիվը կաճի»,- նկատեց Ա. Մինասյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է բարձրացնել սոցիական վճարների գումարները։
Ըստ նրա՝ աղքատների շարքում են հայտնվել նաեւ արտերկրում աշխատանք չգտած միգրանտերը, եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որոնց նկատմամբ իրականացված վարչարարությունը հանգեցրել է ձեռներեցների սնանկությանը եւ բիզնեսի փակմանը։ Ռիսկային խմբում են ընդգրկվել նաեւ այն մարդիկ, որոնք աշխատում են, սակայն ստացած աշխատավարձով չեն կարող հոգալ իրենց եւ ընտանիքի անդամների կարիքները։ «Իմ կարծիքով ծայրահեղ աղքատության շեմն անցած 100 հազար քաղաքացիների մեծ մասը կանայք են, քանի որ լուծված չէ նրանց զբաղվածության խնդիրը»,- նկատեց Ա. Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը հակաճգնաժամային թերի ծրագիր հռչակեց, բայց նույնիսկ դրա իրականացման մեջ թերացավ։ Չապահովվեց մակրոտնտեսական կայունությունը, արտադրությունում աջակցություն ստացան ոչ թե ոլորտները, այլ արտադրություն ունեցող անձինք, նաեւ չխրախուսվեց սպառումների խրախուսման քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի հրապարակած «Հայաստան. աղքատությունը եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական հետեւանքները» վերլուծությունում նշված է, որ Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում աղքատությունը հասել է 28.4 տոկոսի (2008 թվականին Հայաստանում աղքատների թիվը կազմել է բնակչության 23.5 տոկոսը)։ 107 հազարով ավելացել է ծայրահեղ աղքատների թիվը՝ 3,6 տոկոսից հասնելով 6,9 տոկոսի։


























