ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել. Դա մալթացի Ջոզեֆ Դեբոնա Գրեխտն է: Հանձնաժողովի նիստում երկու թեկնածություն է քննարկվել, որից մեկը Գրեխտն է եղել, երկրորդը` Լիզա Քրիստոֆերսենը, որի թեկնածությունն առաջադրել են սոցիալիստները (այստեղ է ընդգրկված նաեւ Ադրբեջանի հարցով նախկին համազեկուցող Անդրեաս Գրոսը): Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա խոսքով, թեեւ Անդրեաս Գրոսը պաշտպանել է Լիզա Քրիստոֆերսենի թեկնածությունը, սակայն նա չի ընտրվել:

«Դա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանի դիրքերը Մոնիտորինգի հանձնաժողովում ուժեղ են: Չնայած նրան, որ որոշ պատվիրակներ ցանկանում էին Ադրբեջանի հարցով այլ համազեկուցող նշանակել, սակայն այդ թեկնածությունը չանցավ»,- ասել է Սեիդովը:

Հիշեցնենք, որ Անդրեաս Գրոսը շատ խիստ էր մոտենում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին: Ընդ որում, Ա. Գրոսը մեկն էր այն պատվիրակներից, որը ստորագրել էր Զարուհի Փոստանջյանի առաջարկության տակ՝ կապված Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի հետ: Դրանից հետո ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե այդ ստորագրողները հակահայկական դիրքերից հանդես եկող մարդիկ են եղել: