ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում նոյեմբերի 18-ին կայացել է Թբիլիսի-Երեւան երկաթուղային գծի վերկանգնման տեխնիկատնտեսական ուսումնասիրության հաշվետվության նախագծի շնորհանդեսը: Նախարարության հասարակության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրահանձնաժողովի ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում իրականացված Թբիլիսի-Երեւան երկաթգծի վերկանգնման տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախագծի աշխատանքները կատարվել են մեկ տարվա ընթացքում:
Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշել է ծրագրի ղեկավար Ջովաննի Մաստրանդեան, տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքները շատ ծանր եւ աշխատատար են եղել, քանի որ երկաթգծին վերաբերող տվյալների որոշ մասը ընդհանրապես գոյություն չի ունեցել, իսկ պահպանվածն էլ արդեն շատ հնացած է եղել:
Ծրագրի ղեկավարը ներկայացրել է Թբիլիսի-Երեւան երկաթգծի 101 կմ երկարությամբ հատվածի վերականգնման հնարավոր երեք տարբերակները, ինչպես նաեւ Իջեւան- Հրազդան երկաթգծի վերականգնման այլընտրանքային տարբերակը:
Ըստ նրա, եւ դեպի Վրաստան, եւ դեպի Ադրբեջան գնացող երկաթգծերի վիճակը անմխիթար է, եւ նրանց շահագործման նորմալ վիճակը ապահովելու համար չափազանց մեծ աշխատանք է անհրաժեշտ կատարել: Մաստրանդեան նշել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կդժվարացնեն երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման աշխատանքները:
Ի դեպ, 101 կմ երկարությամբ Թբիլիսի-Երեւան երկաթգծից առավել վատ վիճակում է գտնվում 60 կմ-ը, իսկ 40-ը` ոչ այնքան վատ, եւ ծրագրի ղեկավարն առաջարկել է այն վերականգնել ոչ ամբողջությամբ, այլ` մասնակի, ինչը կտեւի մոտ 6-8 տարի:

























