Պարզվել է Երեւանում կողոպուտներ կատարած Վրաստանի քաղաքացի, 33-ամյա Միխայիլ Մուրադաշվիլիի կատարած հանցագործություններից եւս մեկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, կողոպուտներ կատարելու կասկածանքով, Ավան համայնքում գտնվող «Գրանդ Քենդի» խանութի մոտից բերման էին ենթարկել Վրաստանի քաղաքացի, 33-ամյա Միխայիլ Մուրադաշվիլիին:

Նա խոստովանել էր, որ կողոպուտներ է կատարել Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի տարածքում:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին պարզվել է, որ Մուրադաշվիլին 2011 թ. դեկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 շենքի մոտ բացահայտ հափշտակել է 21-ամյա մի աղջկա դրամապանակը, որի մեջ եղել է 75.000 դրամ եւ բջջային հեռախոս:

Հանցագործության մասին տուժողը ոստիկանություն չէր դիմել:

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրադաշվիլիի գործողություններից տուժած մյուս քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ: