Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել Սարալանջի, Միասնիկյան պողոտայի եւ Աթենքի փողոցի արհեստական քարաթափման եւ ամրացման պաշտպանիչ-կանխարգելիչ միջոցառումները։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի փողոցներում երթեւեկության բեռնաթափման նպատակով՝ քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանք տանել 2,5 կմ երկարությամբ Ուլնեցի-Ռուբինյանց, 4,4 կմ երկարությամբ եւ 25 մետր լայնությամբ Իսակով-Լենինգրադյան փողոցների եւ Քանաքեռ-Զեյթուն-Ավան վարչական շրջանները կապող ճանապարհատվածների շինարարական նախագծերի հետ կապված, որոնք նախատեսվում են իրականացնել ընթացիկ տարում:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի շուկաների եւ ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման նպատակով իրականացվում է շարունակական վերահսկողություն: Հիգիենիկ հակահամաճարակային ծառայության հետ համատեղ կատարված ստուգայցերից հետո դրանցից երկուսի վերաբերյալ կայացվել է փակման որոշում: Այժմ այնտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է մայրաքաղաքի բոլոր ստորգետնյա անցումներում ուսումնասիրել եւ վերացնել եղած թերությունները, մասնավորապես ուշադրություն դարձնել լուսավորության վերականգնման եւ ապահովման ուղղությամբ: