Վերջին երկու տարում Իսրայելը վերապրել է իր պատմության ամենալայնածավալ պատերազմներից մեկը՝ սկզբում ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայում, ապա՝ Իրանի և նրա դաշնակիցների։ Իրադարձությունների կենտրոնում վարչապետ Բենիամին Նեթանյահուն է, որը պատերազմն օգտագործում էր ոչ միայն ազգային անվտանգության, այլև սեփական քաղաքական գոյատևման համար։ Միևնույն ժամանակ, նրա որոշումները քննադատության արժանացան ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, իսկ կառավարության գործողությունները կասկածի տակ դրեցին Իսրայելի ղեկավարության օրինականությունն ու բարոյականությունը, գրում է The New York Times-ն իր հոդվածում, որի կրճատ տարբերակը ներկայացնում ենք ստորև։
Տոտալ պատերազմ և հրաժարում զինադադարից
2023 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումից հետո Նեթանյահուն սկզբում խոսում էր հակամարտության արագ ավարտի մասին, սակայն հետո կտրուկ փոխեց կուրսը՝ տեղի տալով ծայրահեղ աջ նախարարներ Բեցալել Սմոտրիչի և Իտամար Բեն Գվիրի ճնշմանը։ Նա հռչակեց «տոտալ հաղթանակի» նպատակ, ինչը նշանակում էր հրաժարում փոխզիջումներից և արյունահեղ պատերազմի շարունակություն։
Նեթանյահուն սկսեց փոխել ռազմական մարտավարությունը՝ հրաժարվելով նախկինում համաձայնեցված զիջումներից ու զինադադարից՝ այդ թվում հայտարարելով Ռաֆահը գրավելու անհրաժեշտության մասին՝ չնայած ամերիկյան նախազգուշացումներին։
Այս ֆոնին իսրայելական զորքերը բազմիցս գրավում էին տարածքներ, որպեսզի հետո նահանջեին՝ թույլ տալով ՀԱՄԱՍ-ին վերադառնալ։ Այդպես եղավ, օրինակ, Ալ-Շիֆա հիվանդանոցի դեպքում, որն ավերվեց կրկնակի մարտերի ընթացքում։
Մանիպուլյացիաներ և տեղեկատվական պատերազմներ երկրի ներսում
Հակամարտության հենց սկզբից Նեթանյահուն փորձում էր հոկտեմբերյան ձախողման մեղքը բարդել զինվորականների և հետախուզության վրա։ Սոցցանցերում իր գրառման մեջ նա գրել էր.
«Ցանկացած հանգամանքում և ցանկացած փուլում վարչապետ Նեթանյահուն նախազգուշացված չի եղել պատերազմ սկսելու ՀԱՄԱՍ-ի մտադրությունների մասին… Ռազմական ողջ հետախուզության և անվտանգության ծառայության գնահատականն այն էր, որ ՀԱՄԱՍ-ը զսպված է»։
Այս գրառումը քննադատությունից հետո հեռացվեց, սակայն նա և իր շրջապատը թաքուն ակտիվորեն կոմպրոմատ էին հավաքում գործընկերների դեմ և կեղծում հեռախոսազրույցների ձայնագրությունները՝ իրադարձությունների պատմությունը վերաշարադրելու և իրենց վրայից պատասխանատվությունը հանելու համար։
2024 թվականի օգոստոսին, երբ Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր էին ընթանում պատերազմը դադարեցնելու և պատանդներին ազատ արձակելու պահանջով, Նեթանյահուի թիմն օգտագործեց գերմանական Bild թերթի հրապարակած ՀԱՄԱՍ-ի գաղտնի փաստաթղթի արտահոսքը՝ ցուցարարներին վարկաբեկելու և նրանց ահաբեկիչների «խամաճիկների» դերում ներկայացնելու համար։
«Անցած շաբաթվա վերջին գերմանական Bild թերթը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական փաստաթուղթ, որում նկարագրվում է մեր մեջ պառակտում սերմանելու, պատանդների ընտանիքների դեմ հոգեբանական պատերազմ կիրառելու և Իսրայելի կառավարության վրա ճնշում գործադրելու ծրագիրը», – հայտարարեց Նեթանյահուն։
Ժողովրդավարության խարխլում և պայքար ինստիտուտների դեմ
Երբ 2025 թվականի մարտին Նեթանյահուն որոշեց աշխատանքից ազատել Շին Բեթ անվտանգության ծառայության տնօրեն Ռոնեն Բարին, նա անտեսեց նախազգուշացումները, որ դա անօրինական է և կապված է անձնական շահերի հետ, քանի որ Բարը կոռուպցիայի գործով հետաքննում էր վարչապետի շրջապատին։
Իսրայելի փաստաբանական պալատը մատնանշեց շահերի բախումը։
«Այս ողջ գործընթացն անօրինական է», – հայտարարեց գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարան, որին շուտով կառավարությունը փորձեց հեռացնել պաշտոնից։
Նաև նախարար Սմոտրիչն առաջարկել էր.
«Ժամանակն է Շին Բեթի մասին օրենքից հանել ժողովրդավարության պաշտպանությունը։ Ժողովրդավարությունը ժողովրդի ձեռքին է»։
Սա դարձավ դատական համակարգի և ուժային կառույցների նկատմամբ վերահսկողության միջոցով «իշխանությունը պահելու» փորձերի մասը։
Պատերազմը՝ որպես անձնական քաղաքական գոյատևման գործիք
Քաղաքական վերլուծությունը ցույց է տալիս, որ Նեթանյահուն հաճախ է պատերազմն օգտագործել իր դիրքերն ամրապնդելու համար՝ այդ թվում տապալելով խաղաղ համաձայնագրերի և զինադադարների փորձերը՝ ծայրահեղ աջ դաշնակիցների աջակցությունը չկորցնելու նպատակով։
Այսպես, 2024 թվականի հուլիսին նա ինքը տապալեց հրադադարի շուրջ բանակցությունները՝ առաջ քաշելով նոր պայմաններ, որոնք արդեն իսկ մերժվել էին ՀԱՄԱՍ-ի կողմից։
Ուլտրաուղղափառ կուսակցությունները սպառնում էին լուծարել կոալիցիան բանակ զորակոչելու բարեփոխման պատճառով, սակայն ԱՄՆ դեսպանատունը դեսպան Հաքաբիի միջոցով նախազգուշացրեց նրանց, որ Իսրայելին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը կթուլանա, եթե կառավարությունը փլուզվի։ Նեթանյահուն կարողացավ պահպանել կոալիցիան՝ նրանց առջև բացահայտելով ռազմական ծրագրերի գաղտնիքները, այդ թվում՝ Իրանին սպասվող հարվածի մասին։
Փորձագետները նշում են.
«Իրանին հարվածելու ծրագիրը միակ բանն էր, որը հարեդիմներին հետ էր պահում կառավարությունը լուծարելուց… Եվ Նեթանյահուն դա հիանալի հասկանում էր», – ասում է իսրայելցի ռադիոհաղորդավար և հարեդիմների մտերիմ զինակից Իսրայել Կոհենը։
Պատերազմը, որը կարող էր ավարտվել վաղը կամ մի քանի ամսից, արդեն խլել է ավելի քան 55 000 մարդու կյանք։ Շուրջ երկու միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Գազայի շենքերի մեծ մասն ավերված է կամ լրջորեն վնասված։ Սովը դարձել է զանգվածային երևույթ, իսկ սնունդ փնտրելը՝ մահացու վիճակախաղ. քաղաքացիական անձինք պարբերաբար զոհվում են՝ փորձելով մարդասիրական օգնություն ստանալ։
Իսրայելի վրա հարձակում իրականացրած ՀԱՄԱՍ-ը պատասխանատվություն է կրում այս ողբերգությունը սկսելու համար։ Սակայն երբ հակամարտությունը գոյության պայքարից վերածվեց հյուծիչ պատերազմի, հենց Նեթանյահուն դարձավ դրա գլխավոր շարժիչ ուժը՝ հրաժարվելով հետպատերազմյան կարգավորում ծրագրելուց և բազմիցս հետաձգելով զինադադարը։
Անհանգստանալով սեփական քաղաքական ապագայի համար՝ նա իր ճակատագիրը կապեց ծայրահեղ աջերի հետ՝ ձգձգելով հակամարտությունը՝ նրանց աջակցությունը պահպանելու համար։
Չնախատեսված իրադարձությունների հաջորդականության արդյունքում Իսրայելը, որոշ գնահատականներով, դարձել է ավելի անվտանգ։ «Հեզբոլլահի» պարտությունը, Սիրիայում ռեժիմի անկումը և Իրանի լուրջ կորուստները կարող էին տեղի չունենալ, եթե պատերազմն ավարտվեր 2024 թվականի ամռանը։ Թեև Նեթանյահուն ի սկզբանե չէր ծրագրում հասնել այդ հաղթանակներին, սակայն նա կարողացավ օպերատիվ օգտվել բացված հնարավորություններից և վճռական քայլեր ձեռնարկեց։