Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում «խոզի գրիպով» վարակվածներ դեռ չեն գրանցվել:

ԼՂՀ Պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի խոսքով, գրիպի իրավիճակը հանրապետությունում հանգիստ է, սեզոնային գրիպի կտրուկ աճ, անցած տարվա համեմատությամբ, չի նկատվում:

Նա նաեւ նշել է, թե ԼՂՀ առողջապահության նախարարը մի շարք հրամաններ է արձակել, համաձայն որոնց՝ ապրիլից մինչ այսօր իրականացվում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ: Բոլոր շրջաններում, կրթական հաստատություններում ամենօրյա դիտարկում է անցկացվում: Կրթության նախարարությունը բժշկական հիմնարկներին տեղեկատվություն է տրամադրում աշակերտների բացակայությունների մասին: Ընդհանուր կրթական հաստատություններում ամեն օր թաց մաքրում եւ օդափոխություն է իրականացվում:

Հատուկ ուշադրություն է դարձվում նախադպրոցական հաստատություններին:

Մշտական կապ է պահպանվում Հայաստանի համապատասխան ծառայությունների հետ: «Խոզի գրիպի» հետ խնդիրներ ունեցող երկրների քաղաքացիները՝ ԼՂՀ գալու դեպքում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում: Ընդհանուր առմամբ գրանցվել են 100 քաղաքացիներ, որոնց նախնական տվյալներն ուղարկվել են Հայաստանի առողջապահության նախարարություն:

Օֆելյա Հարությունյանի պնդմամբ՝ ԼՂՀ-ում բավարար քանակությամբ դեղամիջոցներ կան: