Մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել բաց նամակ-հայտարարությամբ, Երեւանի Կենտրոնական ծածկված շուկայի վերաբերյալ: Այն ուղղված է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ստորեն ներկայացնում են բաց նամակ-հայտարարությունը:
«Մի քանի օր առաջ մի շարք լրատվամիջոցեր հաղորդեցին, որ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական ծածկված շուկայի շենքում սկսվել են շինարարական աշխատանքներ։ Տեղում պարզվեց, որ ընթացքի մեջ են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ այդ թվում եւ կանգուն շենքի միջնամասում ստորգետնյա հարկերի կառուցում։
Պարզվել է նաեւ, որ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում կատարվող աշխատանքները ոչ միայն չեն համաձայնեցվել Երեւանի քաղաքապետարանի հետ, այլեւ պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ մշակույթի նախարարության հետ։
Երեւանի կենտրոնական ծածկված (փակ) շուկան ունի թե’ ճարտարապետական, թե’ ճարտարագիտական մեծ արժեք, ինչպես նաեւ պատմական նշանակություն։ Այն նախագծվել է ճարտարապետ Գ. Աղաբաբյանի (ում հարյուրամյա հոբելյանը նշվեց նախորդ տարի), եւ կոնստրուկտոր Հ. Առաքելյանի կողմից եւ արժանացել բազմաթիվ մրցանակների, հրապարակվել է Երեւանի մասին գրեթե բոլոր հրատարակումներում։
Ելնելով այս ամենից պահանջում ենք.
• դադարեցնել Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների
պետական ցուցակում ընդգրկված (թիվ՝ 1.6.152) շինության տարածքում սկսված
աշխատանքները,
• համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական
միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի` քննարկել նախագծային միջամտությունները ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումներում,
• Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում լայն ու բազմակողմանի մասնագիտական քննարկման ներկայացնել նախագիծը, այդ թվում եւ հուշարձանի ներքին տարածությունում իրականցվող փոփոխությունները,
• Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի համաձայն իրականացնել հանրության իրազեկում եւ անհրաժեշտ քննարկումներ։
Լիահույս ենք, որ ի պատասխան այս գրության մեր հասարակությունը վկան կլինի նախորդ տարվա ընթացքում սկսված շրջահայաց եւ ըմբռնող մոտեցման եւս մեկ դրսեւորման»։
Բաց նամակ-հայտարարությունը ստորագրել են`
Թրանսփարենսի հակակոռուպցիոն ՀԿ
«Հին եւ նոր քաղաք» հիմնադրամ
«Մեր քաղաքը» ՀՔՆ
«Մենք ենք այն քաղաքի տերը» ՔՆ
Պահպանենք Հանրապետության հրապարակը ՔՆ
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ
ՈւրբանԼաբԵրեւան
«Փրկենք հուշարձանները» նախաձեռնություն



























