ՀՀ կառավարությունը որոշել է Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Նորաշեն 2007թ» սպառողական կոոպերատիվին տրամադրել բյուջետային երաշխիք` 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով:
Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց «Նորաշեն 2007»-ի հետ կկնքվի գրավի պայմանագիր` գրավ ընդունելով վերոհիշյալ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի տարածքները` հողի նկատմամբ բաժնային իրավունքով հանդերձ: Որոշման առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Սա այն որոշումներից է, որն արժանանում է մեր ընդդիմախոսների քննադատությանը, թե Հայաստանի կառավարությունը օժանդակում է կառուցապատողներին: Կարծես թե կառուցապատողները մեր ազգի թշնամիներն են: Փորձ է կատարվում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, որ մենք հարյուրավոր միլիոնի հասնող դոլարներ ենք տալիս կառուցապատողներին: Մինչդեռ այս պահի դրությամբ երաշխիք ենք տվել ընդամենը 3,5 միլիարդ դրամի, որը չնչին գումար է, տվել ենք բավական խիստ պայմաններով, որ պատրաստվածության 50 տոկոսից ավելի աստիճան պետք է լինի: Դա նշանակում է, որ մենք երաշխավորված ենք լինում, որ տրամադրելով այս գումարը, շինարարական այդ օբյեկտները հասցվելու են ավարտին: Մյուս կողմից` մենք շուրջ 12 մլրդ դրամ ենք հատկացրել հիպոթեքային վարկավորման համար, որպեսզի խթանենք պահանջարկը: Եթե մենք հիպոթեքային շուկայի զարգացմանը նպաստում ենք 12 միլիարդով, բնականաբար, պետք է լինեն նաեւ բնակարաններ, որոնք մեր քաղաքացիները կարողանան ձեռք բերել: Եւ այս տրամադրված գումարն էլ իրականում չնչին է եւ չի համապատասխանում այն քննադատության փաստարկներին, թե դրանով մենք փոշիացնում ենք մեր վարկային միջոցները, որ ստացել ենք Ռուսաստանի Դաշնությունից: Մենք տրամադրում ենք երաշխիք, իսկ գումարները տրամադրում են առեւտրային բանկերը, որոնք էլ կառավարում են ռիսկերը: Եթե անավարտ շինարարության օբյեկտները ռիսկային են, ապա առեւտրային բանկերն ուղղակի հրաժարվում են այդ վարկերը տրամադրել»:


























