Փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու Շիրակի մարզի 7 համայնքներում` Բասեն, Վահրամաբերդ, Գառնառիճ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետավան եւ Պեմզաշեն գյուղերում: Թեկնածուներն արդեն առաջադրված են, որոնց գերակշռող մասը հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են:

Այսպես Բասեն համայնքում միմյանց հետ մրցում են գործող գյուղապետ ՀՀԿ-ական Համլետ Պողոսյանը եւ վերջինիս տեղական կուսակցական Արշակ Խատրյանը: Վահրամաբերդում առաջադրվել է հանրապետական Աղվան Հովսեփյանը եւ անկուսակցական Սեդրակ Գեւորգյանը: Գառնառիճ համայնքում միմյանց հետ մրցում են 2 հանրապետականներ, համայնքի ղեկավարը եւ դպրոցի ուսուցիչը, ով գյուղապետի փեսան է:

Գեղանիստում գյուղապետի պաշտոնի համար մրցողները 3-ն են, ՕԵԿ-ական Արտյոմ Ալեքսանյանը, համայնքի ղեկավար անկուսակցական Աղասի Ղարյանը եւ ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Մանվել Ղազարյանը:

Շիրակի մարզի Նահապետավան համայնքում գյուղապետի պաշտոնը զբաղեցնելու համար մրցում են անկուսակցական Գոռ Պետրոսյանը եւ համայնքի ղեկավար ՕԵԿ-ական Սաշա Վարդանյանը: Իսկ Պեմզաշենում առաջադրվել է 3 թեկնածու, մեկն անկուսակցական, 2-ը` հանրապետական կուսակցության անդամներ:

Հավելենք, որ Շիրակի մարզի 119 համայնքների ղեկավարների գերակշիռ մասը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է: