Երգահան, հեղինակային երգերի կատարող Ռուբեն Հախվերդյանն իրեն է տեսնում մշակույթի նախարարի պաշտոնում: Այս մասին, այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա, հավելելով, որ երբ ինքը դառնա նախարար, անմիջապես մեդալները կհավաքի եւ կտա տվողին:
«Կոռուպցիոն համակարգում եթե նույնիսկ ես նշանակվեմ մշակույթի նախարար, ես էլ պիտի լափեմ, որովհետեւ եթե ես գնամ ու չլափեմ, ինձ դուրս կհանեն»,- ասաց նա, հավելելով. «Ի՞նչ պարտադիր է` նախարարը կնիկ լինի, կարող է կին լինել»:
Հախվերդյանին զայրացրել էր այն, որ վերջերս Ալլա Պուգաչովային Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան էին տվել: Նրա խոսքով, Մաշտոցը մեր սրբերի շարքում է դասվում, իսկ Ալլա Պուգաչովան «ոչ միայն նողկալի երգչուհի է, «պոպսայի» հիմնադիրը, այլեւ բարոյապես շատ կայուն երեւույթ չէ, որ ասենք Մեսրոպ Մաշտոցի նման սուրբը կախվի նրա կրծքավանդակին»: «Մեսրոպ Մաշտոցը, եթե նրան տեսներ, բոլորովին ցանկություն չէր ունենա նրա հետ մերձենալու»,- ասաց երգահանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` դերասան Սերգեյ Դանիելյանը Ռուբեն Հախվերդյանի հետ միասին իրենց դժգոհությունն արտահայտեցին նաեւ Երեւանում տեղադրված արձաններից: Ռուբեն Հախվերդյանի խոսքով` Արամ խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Կոմիտասի արձանները միջակից ցածր մակարդակ ունեն: «Բայց ամենածիծաղելին խոսքի ազատությունն է, թողնում են խոսես, բայց դրանից եթե ոչինչ չի փոխվի, ո՞ւմ է պետք այդ խոսքի ազատությունը»,- ասաց նա:
Սերգեյ Դանիելյանը հարց ուղղեց, թե ո՞վ է ձեւավորում այս քաղաքի ճաշակը, որին Հախվերդյանը պատասխանեց. «Օրինակ «Շարմը»` «Իմ զենքն իմ երգն է» պաստառներով: Ռուբեն Հախվերդյանը ահազանգում է, որ կորցրել ենք մեր ազգային խոհանոցը, մտածողությունը, եւ գլոբալացման վերջին հարվածը կլինի լեզվի մոռացումը, որպեսզի դառնանք զոմբի:
Ինչ վերաբերում է արվեստագետների ծրագրերին, ապա Ռուբեն Հախվերդյանը 1,5 տարվա ընթացքում 2 ձայնասկավառակ է պատրաստել, որոնք կթողարկվեն մինչեւ տարեվերջ: Նրա խոսքով` ամենաադժվարը հովանավորներ գտնելն է, ահագին գտել է եւ դեռ պահանձվում է, քանի որ որակով գործ է անում: Սերգեյ Դանիելյանն էլ փետրվարին մտադիր է վերականգնել ռեպերտուարը Կամերային թատրոնում եւ 3 տարվա ընթացքում խաղացած բոլոր ներկայացումները խաղալ: Դրանից բացի` նա շարունակում է իր համարգործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետ:




























