Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳ նախարարությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հարցում:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լոնդոնի այս դիրքորոշումը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ժողովրդավարական երկրների համար մարդու իրավունքների եւ ժողովրդի ինքնորոշման հարգումը առաջնային նշանակություն ունեն:
«Ազատությունը եւ այդ իրավունքների հարգումը արդի աշխարհի բարձրագույն արժեքներն են: Մենք վստահ ենք, որ մարդու հիմնական իրավունքների իրականացման արգելակման ցանկացած փորձ պետք է դիտարկվի քաղաքական պատեհապաշտությունից անկախ եւ արժանանա համաշխարհային հանրության միանշանակ եւ կոշտ գնահատականին:
Մնում է միայն հուսալ, որ Մեծ Բրիտանիայի եւ մյուս ժողովրդավարական երկրների դիրքորոշումը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա` այդ իրողությունների ընդունման եւ մարդու իրավունքների հարգման առումով»,-ասված է ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:




























