«Շիրակ Կնետրոնը» դիմում-ուղերձ է հղել Հայաստանի նախագահին, վարչապետին, քաղաքաշինության նախարարին, Շիրակի մարզպետին ու Գյումրիի քաղաքապետին, որտեղ անդրադառնում է աղետի գոտում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, կիսախարխուլ շենքերում բնակվող անօթեւան ընտանիքներին ժամանակավոր կացարաններով ապահովելու խնդրին:

Դիմում-ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Գյումրիում տասնյակ անօթեւան ընտանիքներ բնակվում են երկրաշարժից խարխլված եւ հետագա տարիներին կիսով չափ փլված շենքերում, որոնց մեծ մասը նախկին հանրակացարաններն են: Դրանցում մարդիկ մի կերպ պատսպարված են  համատարած հակահիգիենիկ պայմաններում. շենքերը չունեն կոմունալ որեւէ հարմարություն, անգամ ջուր եւ կոյուղի: Այդ քառահարկ շինություններից կան այնպիսիները, որոնք պարբերաբար ենթարկվում են փլուզումների, քանդվել են նույնիսկ աստիճանները եւ անգամ մի անզգույշ շարժում կարող է դառնալ ճակատագրական: Այնպես որ նույնիսկ տնակներն այդ հանրակացարանների հետ համեմատած` առանձնատներ են թվում:

Ինչպես գիտենք, աղետի գոտում քաղաքացիներին բնակարաններ հատկացնելու կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշումների համաձայն բնակարան ստացած քաղաքացիները, բացառությամբ բազմանդամ ընտանիքների, պարտադիր կերպով պետք է քանդեն եւ տարածքներն ազատեն ժամանակավոր կացարաններից: Այդ թվում կան քանդման ենթակա, նախորդ եւ ընթացիկ տարում բնակարաններ ստացած ընտանիքների կողմից տնօրինվող քարաշեն կամ կիսաքարաշեն այնպիսի ժամանակավոր կացարաններ, որոնք միանգամայն պիտանի են երկարաժամկետ բնակության համար:

Քանի որ պետությունը չունի բոլոր անօթեւաններին բնակարաններով ապահովելու միջոցներ, կարծում ենք` լավագույն լուծում կլինի, եթե բնակարան ստացած ընտանիքների համեմատաբար բարվոք վիճակում գտնվող ժամանակավոր կացարանները քանդելու փոխարեն, համապատասխան դրամական փոխհատուցման դիմաց վերցվեն դրանց փաստացի տնօրինողներից եւ հատկացվեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա այն ընտանիքներին, որոնք բնակվելու որեւէ կացարան չունեն կամ մի կերպ պատսպարված են կիսախարխուլ շենքերում ու նախկին հանրակացարաններում:

Վերջում ավելացնենք, որ Գյումրիի հանրակացարանային շենքերում բնակվող անօթեւան ընտանիքներից մի մասը դեռեւս երկրաշարժից առաջ, նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից Լենտեքստիլ կոմբինատում աշխատելու եկած տարբեր ազգությունների  պատկանող քաղաքացիներ են, ուստի տրամաբանական կլիներ, եթե իրենց հայրենակիցների բնակարանային խնդիրների լուծման գործում ընդգրկվեին նաեւ ԱՊՀ երկրների` Հայաստանում գործող դեսպանատները»: