Խուլիգանություն կատարելու կասկածանքով, այսօր` հունվարի 18-ին, Երեւանի Արծրունիի փողոցից Արաբկիրի բաժին բերման ենթարկվ 48-ամյա Աշոտ Ավետիսյանը, ով հայտնի է «Բանգլադեշցի Համո» մականունով, կուսակցական չէ, նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորից չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը արձագանքելով NEWS.am-ի այն տեղեկատվությանը, որ Աշոտ Ավետիսյանը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի առանցքային դեմքերից է:

«Իսկ, թե  Աշոտ Ավետիսյանն ինչպիսի անձնական հարաբերություններ ունի պարոն Ծառուկյանի հետ, այդ մասին ես ոչինչ ասել չեմ կարող»,- ավելացրեց Խաչիկ Գալստյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ժամը 00.15-ին, 31-ամյա Գարիկ Ն.-ն Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջեւում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի 08 ՕՍ 888 համարանիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է «Բանգլադեշցի Համոն»: Նա իջնելով մեքենայից` սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Ն.-ին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել է վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Աշոտ Ավետիսյանը ձերբակալված է: Հիշեցնենք, որ «Բանգլադեշցի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ 2004-ի ապրիլի 5-ին, այն ժամանակ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ, «Նաիրի» կինոթատրոնի մոտ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր էր նետել Արտաշես Գեղամյանի վրա, նաեւ ջարդել դա նկարահանող լրագրողների ֆոտո եւ տեսախցիկները, նաեւ բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ: Նա մասնակցել է նաեւ «Տեցի կրուգի» հայտնի «ռազբորկային», իսկ 2010-ին մահացու ելքով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու եւ փախել: