Վանաձոր քաղաքում գործում է 20 մանկապարտեզ, որոնցից տնակային պայմաններում են երեքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը, հավելելով, որ քաղաքում, ընդհանուր առամբ, նախակրթարաններ են հաճախում մոտ 1920 երեխաներ:

Նրա խոսքով, նախորդ տարի «Փրկենք երեխաներին» կազմակերպության միջոցներով  եւ Վանաձորի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, կապիտալ  հիմնանորոգվել է միայն  թիվ 2 մանկապարտեզը: Մանկապարտեզների մեծ մասը, բացառությամբ տնակային պայմաններում գործողների, ջեռուցվում են գազով, իսկ տնակային պայմաններում գտնվող մանկապարտեզները` փայտով:

Բաժնի պետի փոխանցմամբ, ձմռան այս օրերին նկատվում է երեխաների հաճախելիության նվազում, ինչն, ըստ նրա, կապված չէ հիվանդությունների հետ. «Հիմնականում Նոր տարուց հետո ծնողները ինչ-ինչ պատճառներով երեխաներին չեն  բերում»:

Քաղաքում գործող մանկապարտեզներից եւ ոչ մեկում չկա հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների խումբ, թեեւ երկու մանկապարտեզներում կան մի քանի այդպիսի երեխաներ, որոնց փորձում են հնարավորինս ինտեգրել հասարակությանը:

Մանկապարտեզների վարձավճարների չափերը, սակայն, տարբեր են` 3000-ից մինչեւ 5500 դրամ: Խոսելով նախակրթարանների առաջ ծառացած խնդիրներից, Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը առաջնահերթությունը տալիս է տնակային պայմաններում գործող մանկապարտեզները շենքային պայմաններ տեղափոխելուն, ինչը սակայն բաժնի պետի խոսքով, համայնքն այսօր դեռ ի վիճակի չէ իրականացնել: