Անցել է 7 տարի, բայց Ամիրյան փողոցի 26 ընտանիքները` պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչները, չեն ստացել ոչ պայմանագրերով նախատեսված առեւտրային տարածքները, ոչ բնակարանները, ոչ բնակության վարձակալության գումարները, ոչ շինարարության ձգձգման տուգանքները, ոչ կրած վնասների փոխհատուցումը։ Այս անգամ նրանք իրենց խնդրի հետ կապված նամակով դիմել են ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի եւ Ժառանգության Ազգային Ժողովի պատգամավորներին. «Հարգելի պատգամավորներ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն Հ.Հ. կառավարության թիվ 399-Ն 04.03.2004 թ. եւ 909–Ն 17.06.2004թ. որոշումների), 2005թ-ի գարնանը ստիպված էինք (այլ առաջարկ՝ առեւտրային տարածք, բնակարան, մեր առեւտրային տարածքների շուկայական արժեքը, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է Հ.Հ. օրենքներով եւ կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր առեւտրային տարածքները եւ բնակարանները։ Շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2008թ. հունվարը, սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել (ներկայումս պետության այս եւ մյուս սխալները ու օրենքների խախտումները՝ Հ.Հ-ի լիազորված անձի եւ կառուցապատողի նույն անձը լինելը, ՀՀ–ի կողմից առեւտրային տարածքների եւ բնակարանների հատակագծերի չտրամադրելը եւ այլն, որպես օրենքի ու պարզապես առողջ դատողության ծանակում եւ զավեշտ փորձում են ներկայացնել որպես ֆորս մաժոր եւ պայմանագրի թերիություն)։ 2009 թ. Հ.Հ. կառավարությունը 3 մլն. դոլար տրամադրեց շինարարությունը ավարտելու համար։ Ինչ եղավ այդ գումարը, հանելուկ է, փաստը այն է, որ շինարարությունը առայս0ր չի ավարտվել։ Իմիջայլոց, դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2 տարում չի էլ ավարտվի»,- մասնավորապես ասված է նրանց նամակում:  Բնակիչները նշում են, որ դիմել են բազմաթիվ պետական ատյաններ, սակայն ոչ մի օգուտ: Եւ, նրանց փոխանցմամբ, եթե այս հարց չլուծվի, ընտանիքներով մեկընդմիշտ կլքեն հայրենիքը եւ ապաստան կհայցեն արտերկրում: Նրանք պատգամավորներին խնդրում են ԱԺ-ում բարձրացնել այս հարցը: «Արեւմտյան Հայաստանը հայաթափ եղավ երիտթուրքերի հայատյացության հետեւանքով, իսկ Արեւելյան Հայաստանը հայաթափ է լինում մի քանի հայ օլիգարխների եւ պետական պաշտոնյաների ագահության հետեւանքով: Մեր կարծքով երկրորդը ավելի մեծ հանցանք է, քանի որ անողները հայեր են»: