Հայաստանի կառավարությունն այսօր` հունվարի 19-ին, հաստատեց հանրակրթական ոլորտում իրականացվող կրթական բնույթի մրցույթները, օլիմպիադաները եւ մրցաշարարերը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ եզրակացությունը: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել «Ժառանգություն» կուսակցության մի քանի պատգամավորներ:

Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ նախագծի նպատակներն ընդհանուր առմամբ ընդունելի են, իսկ ձեւակերպումները` ոչ: Կառավարությունը մտահոգ է, որ նման արտոնություն տրամադրելու դեպքում շատ տնտեսավարող սուբյեկտներ կարող են, օրինակ, օլիմ¬պիա-դաների անվան տակ կազմակերպել տարաբնույթ կրթական միջոցառումներ` դրանով իսկ խուսա¬փելով ավելացված արժեքի հարկի վճարումից:

Նշենք, որ ֆինանսների նախարարությունը շատ ավելի կտրուկ եւ բացասական եզրակացություն էր նախապատրաստել, սակայն կառավարությունում, այնուամենայնիվ, որոշել են հարցին դիվանագիտորեն մոտենալ: Խնդիրն առաջին հերթին վերաբերում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» եւ «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթներին, որոնք իրենց մասնակցության վճարի չափով այսօր ենթակա են հարկման ավելացված արժեքի հարկով։ Նշենք, որ մասնակցության չափը սահմանված է ընդամենը 970 դրամ: Ֆինանսների նախարարության եզրակացության մեջ նշվել է, որ այսպես թե այնպես` «Այբ»-ի մրցույթները չունեն 58.35 մլն դրամ շրջանառություն, հետեւաբար` ազատված են ավելացված արժեքի հարկից: Ֆինանսների նախարարությունն անիրական է համարում, որ «Այբը» կկարողանա մրցույթներին ներգրավել 70 հազ. մասնակից, որի դեպքում տարեկան շրջանառությունը կգերազանցի 58.3 մլն դրամը: