Հայաստանի ԱԺ-ում այսօր` հունվարի 19-ին, խորհրդարանական լսումներ են տեղի ունեցել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագծի վերաբերյալ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հույս է հայտնել, որ լսումներն ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարության ամրապնդմանը Հայաստանում, եւ որ քննարկումները կնպաստեն օրինագծի կատարելագործմանը:
Նա անդրադարձել է խնդրի պատմական հիմքերին եւ նշել, որ կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին, այն կազմում է մեր մշակույթի բաղկացուցիչ մասը: Հայ կինը միշտ եղել է հայ տղամարդու կողքին: Դրա վառ վկայությունն են հայ իրավունքի հուշարձանները:
Նրա խոսքով, Մխիթար Գոշի «Հայոց դատաստանագրքում», դեռեւս 12-րդ դարում, խոսվում է կանանց գույքային իրավունքների, պատվի եւ արժանապատվության ճանաչման եւ հարգման, կնոջ ամուսնության իրավունքի, ամուսնական տարիքի, ամուսնալուծվելու, 2-րդ անգամ ամուսնանալու, եւ այլ իրավունքների մասին: Իսկ այսօրվա ըմբռնմամբ, ըստ բանախոսի, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ընկալումը ուղղակիորեն տրված է Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ Փառացում», որը գրվել է 1773թ. եւ ըստ որի կանայք ու տղամարդիկ իրավահավասար են անկախ սեռից, քաղաքացիությունից, եւ մեկը մյուսի վրա իշխելու իրավունք չունեն:
Կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում ԱԺ նախագահը հիմնավորեց նաեւ նշելով, որ կանայք մեր հանրապետությունում մեծամասնություն են կազմում, որ նրանք գրագետ են, գեղեցիկ ու լավը: Չօգտագործել այդ հզորությունը, այդ հնարավորությունը փոքր ազգի համար շռայլություն կլինի, ասաց խորհրդարանի ղեկավարը եւ հավելեց, որ պետք է փորձենք գտնել այն մոտեցումները, որ գենդերային իրավահավասարությունը գործուն մեխանիզմ դարձնեն: Սահմանադրությամբ եւ օրենքներով այդ իրավունքը տրված է, բայց կիրառման մեխանիզմներ չկան, ինչն էլ, ԱԺ նախագահի կարծիքով, կլրացվեն այս օրենքում:
Իր հերթին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախագծի ընդունումը ուշացած համարեց եւ հավելեց` թեեւ ուշացած, բայց պետք է գործուն ու հստակ մեխանիզմներ ամրագրել կանանց եւ տղամարդկանց հավասար պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու համար: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ելույթում անհամաձայնություն հայտնեց տարածված տեսակետի հետ, թե գենդերային հավասարությունը արհեստածին եւ արեւմուտքից ներմուծված երեւույթ է` ասելով, որ բազմաթիվ են թե կանանց նկատմամբ բռնության դեպքերը եւ թե ուղղակի անհավասար մրցակցային պայմանները Հայաստանում: Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած գրասենյակում այս տարվանից գործում է կանանց հարցերով զբաղվող իրավապաշտպան:
Թե ՀԿ-ների ներկայացուցիչները եւ թե Աժ պատգամավորները միակարծիք էին, որ տարիներ շարունակ շրջանառվող , բայց դեռեւս խորհրդարան չհասած այս նախագիծը խիստ կարեւոր նշանակություն ունի, սակայն մտահոգություն հայտնեցին ներկայացված նախագծում հռչակագրային դրույթների եւ հստակ մեխանիզմների բացակայության վերաբերյալ:
Լսումների մասնակիցներն անդրադարձան նաեւ ընտրություններում կանանց մասնակցության խնդրին, ոմանք պաշտպանեցին քվոտաներ սահմանելու մոտեցումը, ոմանք են շեշտադրումը պահեցին հավասար հնարավորությունների վրա: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ այս գումարման խորհրդարանում 11 կին պատգամավորներն ամենաակտիվն են` բոլոր ոլորտներում: ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան եւս կիսեց այդ կարծիքը` ասելով, որ իր մեկուկես ամսվա պաշտոնավարման ընթացքում հասցրել է գնահատել հայ կանանց մտավոր բարձր կարողությունները եւ հարց ուղղեց` ինչու՞ չօգտագործել այս մեծ ներուժը: Դեսպանը ներկայացրեց ԵՄ փորձն այս հարցում եւ բոլոր ոլորտներում հավասար իրավունքներ ու հնարավորություններ սահմանելու համար ԵՄ-ի աջակցությունը հայտնեց:
Խորհրդարանի երկու հանձնաժողովները լսումների արդյունքում հնչած տեսակետներն ու ստացված առաջարկները կքննարկեն` լրամշակված փաստաթղթում արտացոլելու ակնկալիքով:




























