Հայաստանի նախկին նախագահներից` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Ռոբերտ Քոչարյան, ոչ մեկն այս աստիճան բացարձակ իշխանություն չի ունեցել, ինչպես հիմա ունի Սերժ Սարգսյանը: Այս մասին, այսօր` հունվար 20-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:
Նրա խոսքով, այդ առումով Սերժ Սարգսյանի համար ավելի հեշտ է խնդիրները լուծել, քան իր նախորդների համար: «Հերիք է, որ Սերժ Սարգսյանը թեթեւ, բարձր չէ, ձեռքը խփի ու ասի. «Տղե’ք, փող չբաժանեք»` չեն բաժանի, «Տղե’ք, չկեղծեք»` չեն կեղծելու, «Գնում ենք արդար ընտրությունների, հերիք է այս ժողովրդին փչացնենք» ու չեն փչացնի»,- առաջարկեց Սուրեն Աբրահամյանը:
Սրան ի պատասխան, ասուլիսին հրավիրված մյուս բանախոսը` ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Մանվել Բադեյանը նկատեց, որ համենայնդեպս իրեն Սերժ Սարգսյանն այդ խոսքերն ասել է: «Եկեք նստենք եւ պայմանավորվենք, որ բոլ ա ըտենց բաներ անենք ե’ւ իշխանությունը ե’ւ ընդդիմությունը»,- ավելացրեց Մանվել Բադեյանը:




























