Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (HՔԱ) Վանաձորի գրասենյակը (ղեկավար` իրավապաշտպան Արթուր Սաքունց) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ի տարբերություն ՊՆ-ի ներկայացրած թվերի, բանակում մահացության ելքով դեպքերի թիվը իրականում 2011 թ-ին 2010 թ-ի համեմատ չի նվազել, նվազել է մահացությունների թիվը:

Հայտարարությունում ասվում է.

«2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պարբերաբար իրականացվող ուսումնասիրւթյունը ներկայացնում է այլ պատկեր:

2011 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 39 հոգի, որից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 4-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը` դժբախտ պատահարի, 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 2-ը` առողջական խնդիրների պատճառով, մահացության մեկ դեպքի պատճառները հայտնի չեն, մեկ դեպք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով, իսկ մեկ դեպք որակվել է որպես դիտավորյալ սպանություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ պաշտպանական բանակը նշված 39 դեպքերից միայն 32 դեպքի վերաբերյալ է հանդիսացել որպես տեղեկատվության տարածման առաջին աղբյուր, որից 3 դեպքերում չի նշվել մահացածների անձնական տվյալները: Մնացած 7 դեպքերից մեկ դեպքի մասին ընդհանրապես որեւէ տեղեկատվություն չի տարածվել:

Ըստ կազմակերպության տեղեկությունների 2011 թ-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերից 6-ը գտնվում է նախաքննության փուլում, մեկ գործ արդեն ուղարկվել է դատարան, մեկ գործի դատաքննությունն ավարտվել է, որը սակայն բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարան: Մնացած գործերի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չի տրամադրվել հանրությանը:

2010 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 54 հոգի /մեր կողմից արձանագրվել է 44/, որից 9-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 24-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 2-ը` դժբախտ պատահարի, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 5-ը` առողջական խնդրների պատճառով: ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ պաշտպանական բանակը նշված 54 դեպքերից միայն 10 դեպքի վերաբերյալ է հանդիսացել որպես տեղեկատվության տարածման առաջին աղբյուր, որից միայն մեկ դեպքում չի նշվել մահացածի անձնական տվյալները:

Ըստ կազմակերպության տեղեկությունների, 2010 թ-ի 15 դեպքերի առնչությամբ  հարուցվել է քրեական գործ: Հարուցված 15 քրեական գործերից մեկ գործի մասին մանրամասնություններ չկան, թե արդյոք ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը կամ ինչ ընթացքում է այն գտնվում, 9 քրեական գործ գտնվում է նախաքննության փուլում, իսկ 2 գործ՝ դատաքննության փուլում: 3 գործ արդեն ավարտվել Է:

Դեպքերի թիվը, որոնք ավարտվել են մահացությամբ, կազմում է 2010 թ-ին 31 /որից 6-ը հրադադարի ռեժիմի խախտում/, իսկ 2011 թ-ին 36 /որից 10-ը հրադադարի ռեժիմի խախտում/:

Այսպիսով, մահացության ելքով դեպքերի թիվը իրականում 2011 թ-ին 2010 թ-ի համեմատ չի նվազել, նվազել է մահացությունների թիվը: Այսինքն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ զինված ուժերում իրավիճակի փոփոխությանն ուղղված գործողությունների արդյունավետության վերաբերյալ գնահատականները չափազանցված են:

Նկատի ունենալով, որ 2011 թ-ի սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից զինակիցներին ուղղված ուղերձում նշվում է  2011 թ-ի ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում հատկապես միջանձնային հարաբերությունների ոլորտում դեպքերի եւ պատահարների քանակական աճի մասին՝ կարող ենք արձանագրել, որ զինդատախազի կողմից զինված ուժերում իրավիճակի փոփոխման մասին տրված գնահատականները չեն համապատասխանում իրականությանը:  

Ելնելով վերը շարադրվածից՝ վերստին պնդում ենք, որ ՀՀ զինված ուժերում իրավիճակի փոփոխությանը կարելի է հասնել միմիայն համակարգային հետեւյալ փոփոխությունների իրականացման արդյունքում.

1. «Ներքին կարգապահական կանոնագրքի մասին» օրենքի անհապաղ ընդունումը, որը կապահովի զինված ուժերում ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ձեւավորումը եւ իրագործումը

2. ԵԽԽՎ 1742 (2006) հանձնարարականի համաձայն ռազմական օմբուդսմենի ստեղծումը

3. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրականացման ապահովումը

4. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի եւ ՀՀ ՊՆ միջեւ գործառույթների հստակեցումը եւ Պաշտպանության նախարարության առջեւ գլխավոր շտաբի պատասխանատվության հստակեցումը

5. ՀՀ զինվորական կոմիսարիատի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ենթակայությունից դուրս բերումը եւ ներգրավումը ՀՀ ՊՆ կազմում կամ զորակոչի ապահովման նպատակով որպես առանձին գործակալության ստեղծումը

6. Զինվորական կարգապահության, կոռուպցիոն դրսեւորումների եւ ռիսկերի,  մահացության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ծառայողական եւ քրեական գործերի քննության օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ իրականացում, ինչպես նաեւ դրանց արդյունքների վերաբերյալ հանրության պարտադիր իրազեկում

7. Հասարակական վերահսկողության անկախ ինստիտուտի ձեւավորում եւ իրականացում»: