Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան Հայաստանը ներկայացնող ամերիկահայ մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանին ընդգրկել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակիցների պահեստային մարզուհիների մեջ: Սակայն Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կարծում է, որ Հուռիի լոնդոնյան խաղերին մասնակցելու շանսը շատ փոքր է:
«Միջազգային ֆեդերացիայի հրապարակած պահեստայինների ցուցակում Հուռի Գեբեշյանը զբաղեցնում է վերջին` 3-րդ տեղը: Որպեսզի մեր մարզուհին հայտնվի մասնակիցների հիմնական ցուցակում, ապա օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության կանանց մրցումների մասնակից երկրներից երեքը պետք է հրաժարվեն: Դա անհավանական բան է, քանի որ բոլոր երկրները մեծ խնամքով են վերաբերվում իրենց նվաճած ուղեգրերին» - NEWS.am-ի թղթակցին հայտնեց մասնագետը:
Հակոբ Սերոբյանը սակայն չի բացառում, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն սպիտակ քարտ տրամադրի Հուռի Գեբեշյանին:
Հիշեցնենք, որ Հուռի Գեբեշյանը բնակվում եւ մարզվում է ԱՄՆ-ում` Բոստոնում: Նրա մարզիչը լիտվացի է: 2011 թվականի օգոստոսից Հուռին հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Անցած տարի Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությունում նա 216 մարմնամարզուհիների մեջ զբաղեցրել է 115-րդ տեղը:




























