Երեւանի ավագանու արտահերթ նիստում, այսօր` հունվարի 20-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղեկացրել է, որ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հրայր Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրենքով սահմանված կարգով՝ դիմումը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ավագանու անդամին կփոխարինի ավագանու անդամության թեկնածուների ԲՀԿ ցուցակում հաջորդ թեկնածուն։
Հաշվի առնելով ՀՀ ժողովրդական արտիստ, «Բարեկամություն» համույթի հիմնադիր եւ ղեկավար Նորայր Մեհրաբյանի եւ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գեւորգ Հակոբյանի ունեցած վաստակը պարավեստի եւ երգարվեստի բնագավառներում՝ Երեւանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է վերջիններիս Երեւան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին որոշումը։




























