Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն արձագանքել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի (ղեկավար` Արթուր Սաքունց) հունվարի 20-ի հայտարարությանը, որտեղ նշվել էր, որ բանակում միջադեպերի վերաբերյալ ՊՆ-ի ներկայացրած տվյալները ճիշտ չեն եւ որ 2011-ին մահացության ելքով դեպքերի թիվը չի նվազել:
Դ. Կարապետյանի արձագանքում նշվում է.
«Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հունվարի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ զինվորական դատախազի կողմից ներկայացրած 2011թ. Զինված ուժերում մահվան ելքով դեպքերի վիճակագրության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զարմանք է առաջացնում:
2011թ. Զինված ուժերում գրանցված մահվան ելքով 36 դեպքերը զինվորական ծառայության անցնելու հետ կապված դեպքերն են, որոնց վերաբերյալ պատշաճ ժամկետներում հանրությունը տեղեկացվել է: Այստեղ հարկ է նշել, որ եթե որեւէ զինծառայող ավտովթարի է ենթարկվում արձակուրդի ընթացքում կամ հանկարծամահ լինում, ապա աշխարհի որեւէ երկրում այդ մասին պաշտպանական գերատեսչությունը մամլո հաղորդագրություններ չի տարածում: Կամ եթե Զինված ուժերի որեւէ զորամասում արտակարգ պատահար լինելուց մի քանի րոպե հետո որեւէ լրատվամիջոց կարող է չճշտված տեղեկատվություն տարածել, ապա պաշտպանության նախարարությունը այդ տեղեկատվությունը տարածում է նախնական տվյալները ճշգրտելուց հետո միայն, ինչը թերեւս հիմք է հանդիսացել իրավապաշտպան այդ կազմակերպությանը կարծելու, թե պաշտպանության նախարարությունը որոշ դեպքերում տեղեկատվության սկզբնաղբյուր չէ հանդիսացել:
Ինչ վերաբերում է այդ կազմակերպության հնչեցրած 39 մահվան դեպքերին, ապա այդ թիվը ստացվել է դասակարգման սեփական չափորոշիցներից ելնելով, որի պատասխանատվությունը կրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների, 2011 թվականին ՀՀ զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 39 հոգի, որից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 4-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը` դժբախտ պատահարի, 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում, 2-ը` առողջական խնդիրների պատճառով, մահացության մեկ դեպքի պատճառները հայտնի չեն, մեկ դեպք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով, իսկ մեկ դեպք որակվել է որպես դիտավորյալ սպանություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂ պաշտպանական բանակը նշված 39 դեպքերից միայն 32 դեպքի վերաբերյալ է հանդիսացել որպես տեղեկատվության տարածման առաջին աղբյուր, որից 3 դեպքերում չի նշվել մահացածների անձնական տվյալները: Մնացած 7 դեպքերից մեկ դեպքի մասին ընդհանրապես որեւէ տեղեկատվություն չի տարածվել:
Այսպիսով, մահացության ելքով դեպքերի թիվը իրականում 2011 թ-ին 2010 թ-ի համեմատ չի նվազել, նվազել է մահացությունների թիվը: Այսինքն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ զինված ուժերում իրավիճակի փոփոխությանն ուղղված գործողությունների արդյունավետության վերաբերյալ գնահատականները չափազանցված են:




























