Փորձելով ճշտել, թե հայաստանյան բուհերի ուսանողները տեղյա՞կ են օրեր առաջ ԿԳ նախարարի արած այն հայտարարությանը, համաձայն որի նախատեսվում է կրճատել պետպատվերի շրջանակներում սովորող բոլոր ուսանողների կրթաթոշակները, եւ ի՞նչ են մտածում նրանք այդ մասին, NEWS.am-ի թղթակիցը փոքրիկ հարցում անցկացրեց Երեւանի բուհերում։
Իսկ հարցվածների վերաբերմունքը միանշանակ էր. բոլոր ուսանողները, բացառությամբ մեկի, դեմ էին նման որոշմանն ու գտնում էին, որ Կրթության եւ գիտության նախարարությունն իրավունք չուներ նման կերպ վարվել պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողների հետ։
Ստորեւ ներկայացնում ենք հարցման մասնակիցների պատասխանները.
«Ինչպե՞ս կարելի է. վարձավճարները կրճատելու փոխարեն կրթաթոշակնե՞րն են կրճատում։ Պետբյուջեից հատկացվող 5000 դրամը չնչին գումար է, դա է՞լ են ուզում վերցնել ուսանողների ձեռքից»,- վրդովմունք հայտնեց ԵՊՀ մեկ այլ ուսանողուհի։
«Եթե այդպես են որոշել, ուրեմն այդպես են հարմար գտել»,- նկատեց անտարբեր մի աղջիկ, ով խոսքի ընթացքում փոխեց կարծիքը՝ գտնելով, որ դա, ամեն դեպքում, անցանկալի երեւույթ է։
«Ուսանողների կրթաթոշակների հաշվին չպետք է այլ ծախսեր հոգալ։ Թող ուրիշ տեղից գումար հայթայթեն խնդիրների լուծման համար»,- նկատեց ԵՊՀ առաջին կուրսի մեկ այլ ուսանող։
«Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է, լիովին համաձայն եմ նման որոշման հետ, քանի որ այդ նույն գումարներով կարելի է օգնել այն երեխաներին, ովքեր հնարավորություն չունեն սովորել վճարովի համակարգում, եւ այս կերպ գոնե կվճարեն իրենց ուսման վարձերը»,- նշեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Աննա Ավետյանը։
«Կարծում եմ, որ լավ սովորելու համար պետք է ամեն կերպ ոգեւորել եւ շահագրգռել ուսանողներին: Իսկ կրթաթոշակները կրճատելով՝ ԿԳՆ-ը թեւաթափ է անում նրանց»,- ընդգծեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ուսանողուհի Վիկտորյան։
«Վայ, լո՞ւրջ եք ասում. Ես անվճար համակարգում եմ սովորում, բայց չգիտեի այդ մասին։ Ճիշտ է, գումարի չափը մեծ չէ, բայց դրանով գոնե տրանսպորտի եւ գիրք գնելու հարցն էի լուծում»,- ափսոսանք հայտնեց պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Կարինեն, իսկ նրա ընկերը՝ Ճարտարապետական հաալսարանի ուսանող Գեւորգը, ով եւս պետպատվերի շրջանակում էր սովորում, գտավ, որ դրանից ավելի սխալ որոշում նախարարությունը կայացնել չէր կարող։
Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Գայանեն էլ նկատեց, որ ոգեւորելու համար կրթաթոշակներ պետք է տալ նաեւ վճարովի համակարգում սովորող եւ գերազանցության ձգտող ուսանողներին։
«Պատճառաբանությունը, թե կրթաթոշակների գումարները պետք է ծախսվեն ոլորտի այլ խնդիրների լուծման համար, մի տեսակ հավատ չի ներշնչում։ Այդ գումարները տեղ չեն հասնի, չեն ծառայի նշված նպատակին, ավելի լավ է շարունակեն տրամադրել ուսանողներին»,- համոզմունք հայտնեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Կարենը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե որոշում է կայացվել կրճատել պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողներին տրամադրվող կրթաթոշակները՝ պատճառաբանելով, որ 5000 դրամը չնչին գումար է եւ ավելի ճիշտ կլինի, եթե կրթաթոշակների համար պետբյուջեից տրվող հատկացումները ուղղվեն նույն ոլորտի ավելի խոշոր խնդիրների լուծմանը։


























