Տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանի անշարժ գույքի շուկայում ամենամեծ կորուստը կրել է հողային շուկան, եւ հետո միայն կոմերցիոն նպատակի համար նախատեսված անշարժ գույքն ու բնակֆոնդը։ Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ակցեռն» ընկերության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ անշարժ գույքի շուկայում այս տարվա հունվարից մինչեւ մայիս ամիսները գների անկում է նկատվել։ «Մայիսին գնանկումը կանգ առավ եւ առաջացավ որոշակի կայունություն։ Եթե բնութագրելու լինենք շուկայի վիճակը, ապա այն ծանր կայուն վիճակում է, որը պահպանվում է մինչեւ այժմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների անկման պատճառներից էր նաեւ տրանսֆերտերների կտրուկ նվազումը։ «Հայաստանը այն եզակի երկրներից էր, որ բյուջեից երկու անգամ ավելի տրանֆերտներ էր ստանում, դա առաջին հերթին անդրադառնում էր անշարժ գույքի շուկայի վրա»,- նկատեց Հ. Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ անշարժ գույքի շուկայում միջին հաշվով 20 տոկոսից ավելի գնանկում է արձանագրվել։ Հ. Բաղդասարյանի խոսքով, նորակառույցների գինն ավելի քիչ է ընկել, քան հին եւ հատկապես անխնամ շենքերինը։
Խոսելով շուկայում կայունության հաստատման պատճառների մասին՝ նա նշեց, որ դա արդյունք էր պետական աջակցության ծրագրերի, որոնց շնորհիվ որոշակի օգնություն ստացան շինարարական ոլորտը եւ բանկերը։
Նա ընդունեց այն փաստը, որ բանկերը այժմ շատ հազվադեպ են հիփոթեքային վարկ տալիս։ «Բանկերին կարելի է հասկանալ։ Այսօր շատ քչերը կարող են հիփոթեքային վարկ վերցնել, եւ կանոնավոր վերադարձնել գումարը»,-ասաց նա՝ նշելով, որ այժմ բանկերը փորձում են վերանայել հիփոթեքային վարկավորման պայմանները, ինչի արդյունքում հնարավոր է վարկավորման տոկոսադրույքը նվազեցվի եւ երկարացվեն վարկի վերադարձման ժամկետները։
«Ալտավիպ» ընկերության բրոքերներից Գեղամ Գաբրիելյանը NEWS.am-ի հարցերին պատասխանելիս՝ նշեց, որ ճգնաժամը անշարժ գույքի շուկայում գների իջեցման եւ օպտիմալացման պատճառ հանդիսացավ։ «Ընկել են հատկապես խրուշչովյան նախագծով կառուցված շենքերի գները»,- նշեց անշարժ գույքի շուկայի գործակալը՝ ավելացնելով, որ ճգնաժամը ստիպեց, որ գնորդները առավելագույն ուշադրություն դարձնեն նաեւ վաճառվող բնակարանների որակի վրա։


























