Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Իջեւանի թիվ 41 ընտրատարածքում իր թեկնածությունը մեծամասնականով առաջադրելու  նաեւ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը` Դավիթ Հակոբյանը:

Պարոն Հակոբյան խոսակցություններ կան, որ հնարավոր է առաջադրվեք նաեւ ԲՀԿ ցուցակով: Հավանակա՞ն է, որ վերջին պահին ինչ-որ բան փոխվի:

Խոսակցությունները, ինչ կապ ունեն օրինական գործունեության հետ: Ես ԲՀԿ անդամ չեմ, ԲՀԿ-ի հետ բացարձակ կապ առայժմ չունեմ: Բայց ասում եմ, որ առաջատար ֆավորիտներից հաղթող կլինի այն կուսակցությունը, որը կուսակցական խեցեպատյանից դուրս կգա եւ առնվազն 30 տոկոսով կձեւավորի համաժողովրդական ճակատ, ինչպես Պուտինը: Այսինքն` կհենվեն, ոչ թե ազգային- կուսակցական բազայի վրա, այլ կհենվեն ազգային կադրային ռեզերվի վրա: Եթե այդ դեպքում հրավերքներ կլինեն, խնդրեմ, մենք կքննարկենք: Բայց առայժմ 41-րդ ընտրատարածքում անպայման մեծամասնականով դնելու եմ իմ թեկնածությունը:

Ինչ նկատի ունեք` ասելով, թե առայժմ կապ չունեք:

Ամեն մի կուսակցություն կարող է հրավիրել համագործակցության կամ միասնական ցուցակով կամ դաշինքների միջոցով: Բայց առայժմ այդպիսի քննարկումներ չկան եւ դա ես քաղաքական դաշտում համարում եմ քաղաքական էրոտիկա եւ ոչ ավելին:

Ամեն դեպքում, պարոն Հակոբյան, հստակ չասացիք, թե եթե ՀՀԿ-ից կամ ԲՀԿ-ից  իրենց ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկ ստանանք կմասնակցեք, թե ոչ:

Կրկնեմ, եթե նրանք դուրս կգան իրենց կուսակցական խեցեպատյանից համաժողովրդական ճակատ ձեւավորելու Պուտինյան սկզբունքով, երբ հայտարարում են, որ  30 տոկոսը հենվում են ազգային կադրային ռեզերվի վրա այդ դեպքում որպես ազգային կադրային ռեզերվիստ մենք կարող ենք համագործակցել բոլոր  ուժերի հետ, ինչքան ուժեր հայտնի են քաղաքական դաշտում: Այնպես, որ «սուգուբը» չի վերաբերում միայն այդ երկու ֆավորիտներին:

Իսկ հայտնի է,  թե ովքեր են ձեր ընտրատեղամասում ընտրապայքարի մեջ մտնելու ձեզ հետ:

Ես չգիտեմ դեռ, թե ովքեր պետք է առաջադրվեն: Եվ ոչ ոք չգիտի: Ես ուղղակի ժամանակից առաջ ընկնելով Ձեր հետաքրքրությունը բավելու խնդիր լուծեցի:

Հ.Գ Հիշեցենք, որ նախորդ ընտրություններում նույն ընտրատեղամասում իրենց թեկնածությունն էին առաջադրել 4 թեկնածուներ` «Երեւան գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հակոբ Հակոբյանը, անկուսակցական Ժորա Սահաբալյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը եւ Հայաստանի գլխավոր մարքսիստ, Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի թերապեւտ Դավիթ Հակոբյանը:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը