Հայաստան է այցելել բելառուսական գյուղատնտեսական սարքավորումների եւ տեխնիկայի  ազգային լիզինգային օպերատոր «Պրոմագրոլիզինգ» ընկերության պատվիրակությունը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Պավել Կրուպնովի գլխավորությամբ, ընդունել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ քննարկել առաջիկայում Հայաստանում ընկերության ներկայացուցչության ստեղծմանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ իր բելառուսյան հանդիպումների ընթացքում ամենաբարձր մակարդակով կարեւորվել է այս ոլորտում համագործակցության խթանման անհրաժեշտությունը եւ տրվել են հստակ հանձնարարականներ: ԱԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ փոխշահավետ պայմաններում իրականացվող այս միջպետական համագործակցությունը կլինի առավելապես արդյունավետ եւ ընդգծել է այս ոլորտում փոխգործակցության կարեւորությունը Հայաստանում պարենային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման առումով:

Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով` ընկերությունն առաջարկում է համալիր ծառայությունների փաթեթ, որով գյուղտեխնիկայի եւ սարքավորումների տրամադրումն ընթանում է տեխնիկայի ընթացիկ սպասարկման, փորձի փոխանակման եւ տեղական մասնագետների վերապատրաստման նպատակով իրականացվող մասնագիտական այցերով, ինչպես նաեւ համապատասխան խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա հայաստանյան գործընկերների` այդ թվում Գյուղատնտեսության եւ Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների հետ, եւ գործնական հիմքերի վրա կդրվեն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախատեսված ժամանակացույցով Հայաստանի Հանրապետությունում փետրվար ամսին կհիմնվի ընկերության ներկայացուցչությունը եւ Հայաստան կներկրվի բելառուսական արտադրության գյուղտեխնիկայի առաջին խմբաքանակը: