Չինաստանից ներկրված ավտոբուսների առաջին խմբաքանակի` թվով 139 ավտոբուսի բաշխումը ըստ երթուղագծերի արդեն ընթացքի մեջ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է փաստաթղթային վերջնական ձեւակերումներից հետո ավտոբուսները ներառել երթուղային նոր ցանցում: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար այդ աշխատանքներում կներգրավվեն նաեւ հասարակական կազմակերպությունները, մասնավորապես «Երեւանտրանս» ՓԲԸ-ն աշխատանքային ծրագիր է մշակել «Միասին» երիտասարդական շարժման հետ` հասարակական տրանսպորտի աշխատանքները ուսումնասիրելու եւ մոնիտորիգ անցկացնելու նպատակով:

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում մատակարարվող սննդի որակին`Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել ստուգայցեր եւ խստորեն հետեւել դպրոցական բուֆետներին մատակարարվող սննդի ցանկին: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատակարարվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման եւ որակի ապահովման մասով`վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերը կրում են շարունակական բնույթ եւ հայտնաբերված յուրաքանչյուր խախտում արձանագրվում է: Մայրաքաղաքում անօթեւանների հավաքագրման եւ համապատասխան հաստատություններում նրանց տեղավորման հարցի հետ կապված` սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ այժմ հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգածության տակ են գտնվում 38անօթեւան: Եվս 3-ը տեղափոխվել են հատուկ այլ կացարաններ: Մայրաքաղաքի տրանսպորտային երթեւեկը բեռնափելու նպատակով նոր ճանապարհահատվածների կառուցման ծրագրի հետ կապված` Տարոն Մարգարյանը հանձնարարել է տարվա ընթացքում նախատեսված ծրագրի ցանկում ընդգրկել նաեւ Հալաբյան-Աբելյան ճանապարհահատվածի շինարարությունը: