2012 թ. հունվարի 24-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ նախնական դատական նիստը:Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում եւ 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարծում է, որ www.hraparak.am էլեկտրոնային էջում տպագրված  «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածի մեջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հետեւյալ արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք եւ զրպարտություն: «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում»,- մասնավորապես, նշել էր նա: Կազմակերպությունը դատարանից պահանջում է կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ նրանից հօգուտ իրենց կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա: