Վանաձորում, այսօր` հունվարի 23-ին, կայացել է քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որտեղ քաղաքապետ Սամվել Դարբինյանը կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետից պահանջել է առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքի սանիտարաան եւ կենցաղային աղբահանության վիճակին, որպեսզի քաղաքում չլինեն աղբի կուտակումներ:

Ինչպես NEWS.am-ի հայտնում է Վանաձորի մեր թղթակիցը, Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանն էլ իր հերթին զեկուցելով նախորդ շաբաթվա կատարած աշխատանքների մասին, տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ քաղաքում փոխարինվել է 37 վառված լամպ, եւս 45-ը ըստ բաժնի պետի, պետք է փոխվի:

Մելիքյանը նշել է նաեւ, որ նշված ժամանակահավածում վնասազերծվել է 48 թափառող կենդանի, որից 41-ը` քաղաքի կենտրոնական մասերում:

Ի դեպ, խորհրդակցության ժամանակ Սամվել Դարբինյանը հանձնարարել է այսուհետ տեսանկարահանել քաղաքապետարանի կատարած բոլոր աշխատանքները եւ տեղական հեռուստաընկերություններով եթեր հեռարձակել:

Քաղաքապետը հանձանարարել է նաեւ պատրաստվել բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաեւ ավանդական դարձած «Լոռվա ձմեռ» ամենամյա միջոցառմանը, որն այս տարի կկայանա փետրվարի 5-ին: