«Ժառանգություն» կուսակցությունը հրապարակային պահանջով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ անդրադառնում է Սյունիքի մարզի 5 գյուղերի հողերը հանքի վերածելու կառավարության որոշմանը եւ դրա զարգացումներին:

Պահանջ-նամակում ասվում է.

«Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումը 2011 թվականի աշնանից ՀՀ Սյունիքի մարզպետը փորձել է կյանքի կոչել, սակայն դա չի հաջողվել, քանի որ հողերի սեփականատերերը եւ լայն հասարակայնությունը կտրականապես դեմ են եղել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշմամբ նախատեսված ծրագրին:

Քաջարան համայնքի ղեկավարի բողոքի հիման վրա ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խնդրի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Ձեզ, որի արդյունքում ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը 2011թ. դեկտեմբերի 16-ին այցելել էր Քաջարան եւ տեղում անցկացրել նիստ-քննարկում: Քաջարան գյուղ կատարած այցի արդյունքում, համաձայն արձանագրության, որոշում է ընդունվել` առաջարկել «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը` ուսումնասիրել արդյունահանման այլընտրանքային ուղիներ:

«Ժառանգության» վարչությունը 2011 թվականի դեկտեմբերի 22-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որով պահանջում էր անհապաղ անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումը` սահմանամերձ Քաջարան եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերի նպատակային նշանակությունը փոխելու եւ օտարման վերաբերյալ:

«Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 18-ին եւ 24-ին կազմակերպել էր աշխատանքային այց Սյունիքի մարզ` սատարելու մարզի բնակիչների պայքարին ընդդեմ ՀՀ կառավարության  2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման:

2011 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության շենքի առջեւ լայն հասարակայնության եւ Քաջարան համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցների պահանջն էր անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումը:

2011 թվականի հունվարի 10-ին եւ 16-ին «Առավոտ» օրաթերթը հարցազրույց է հրապարակել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ, որից մեջբերում ենք.  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պնդում է, որ Քաջարան գյուղի հողատարածքները կոմբինատը չի պատրաստվում շահագործել` չնայած այդ տարածքում են գտնվում մոլիբդենի հսկայական պաշարներ. «Իրականում էդ հողերը մեզ հիմա պետք չեն: Էդ գյուղի տարածքը կոմբինատին պետք չի: Ոչ էլ որեւէ մեկը ասում ա՝ տվեք ինձ, իրենք են հենց-նենց ոռնոցները գցել»: «Հիմա գյուղը ավիրո՞ւմ եք, թե՞ չէ» հարցին ի պատասխան էլ ասաց. «Մի ժամանակ ամբողջ հանրապետության տարածքով մեկ տարածվեց, որ հողը քո սեփականությունն ա, նրա տակի ընդերքն էլ հետը: Ու մարդիկ` կեսը հասկանալով, կեսը չհասկանալով, հողը վերցնում էին, 99 տարով պայմանագիր էին կապում` արոտավայր, վարելահող կամ չգիտեմ թե ինչ, հետո էլ մտքներին դնում էին ծախեին: Ես որ հետաքրքրվեցի, իմացա, որ Քաջարան գյուղում տենց բան կա, հանրապետության նախագահին ասեցի,  խնդրեցի, որ գերակա շահ ճանաչեն, որ էդ մարդիկ իրավունք չունենան օտարելու: Թե չէ կստացվի, որ ինչ-որ մի գյուղապետ, վերցնում է, ու Հայաստանի հանքերը ծախում: Ես էլ առաջարկեցի, առաջարկել եմ, ու հիմա էլ առաջարկում եմ՝ թող դա ես վճարեմ, ձեւակերպումները փաստաթղթերով անեմ, ինչ ուզում են` անենք, ինչ ցանկանում են` անենք, իրանք էլ թող ապրեն, ինչքան ուզում են ապրեն»:

«Այսինքն՝ չե՞ք ուզում գյուղը քանդել»` հարցնում է լրագրողը: «Որ ուզենանք  էլ՝ չենք կարող հիմա քանդել, դա փողերի, ծավալների, մեծ գործերի հետ է կապված»,-պատասխանել է Մաքսիմ Հակոբյանը: «Ուղղակի ուզում եք սեփականաշնորհե՞լ»,-հետեւում է հաջորդ հարցը: «Դա սեփականություն չի: Եթե առնում էլ ենք, դա չի դառնում մեր սեփականությունը, մենք հետ ենք տալիս պետությանը, նորից պայմանագրով հետ ենք վերցնում՝ մշակման ժամանակաշրջանի տարիներով` կառուցապատման իրավունքով, մենք իրավունք չունենք մեր սեփականությունը լինի: Ուղղակի այնպես պիտի անենք, որ չվերցնեն էդ հողերը տան ուրիշին»,-ասում է Մաքսիմ Հակոբյանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` ակնհայտ է, միանշանակ եւ անվիճելի, որ ՀՀ կառավարության  2011 թվականի ապրիլի 28-ի  թիվ 627-Ն որոշմամբ նախատեսված`

• Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը եւ բացահանքի ընդլայնման հեռանկարները, իրականությանը չեն համապատասխանում,

• ՀՀ Սյունիքի մարզի համայնքների` Քաջարանի /181.7 հեկտար/, Արծվանիկի /257.62 հեկտար/, Սեւաքարի /91.53 հեկտար/, Աճանանի /9.5 հեկտար/, Չափնիի /16.1 հեկտար/, Սյունիքի /51.8 հեկտար/ հողերի նկատմամբ ճանաչումը բացառիկ գերակա հանրային շահ չէ, այլ հետապնդում է մասնավոր անձի շահ:

• Հետեւյալ հիմնավորումները, թե ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ` ա. ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարեւոր նշանակություն, բ. ծրագրի իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների էական աճ, գ. ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, դ. ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ուղղակի կեղծիք են:

ՀՀ կառավարության 627-Ն որոշումը նաեւ փաստում է, որ Հայաստանում բացակայում է այն հայեցակարգը, թե որ հանքավայրերը ընդհանրապես չի կարելի շահագործել, որ հանքավայրերը պետք է պահպանվեն ապագա սերունդների համար կամ առկա յուրաքանչյուր հանածո հարստությունից տարեկան ինչ քանակություն կարելի է օգտագործել, չկա նույն հանքատեսակի տարեկան օգտագործման չափաբաժնի սահմանումը:

Հանքահանությունը օգտակար ու տանելի է իր չափի մեջ: Խորհրդային տարիներին Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործվում էր տարեկան 7-8 միլիոն տոննա ծավալով, սակայն այժմ ցանկանում են տարեկան օգտագործել մինչեւ 50 միլիոն տոննա հանքաքար, երբ տասնամյակներ առաջ ծրագրվել էր այդ հանքավայրը շահագործել 300-350 տարիների ընթացքում:

Հաշվի առնելով ոչ միայն վերը թվարկվածը, այլ նաեւ այն, որ ՀՀ կառավարության  2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումն ընդունվել է Միջազգային նորմերի եւ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ` պահանջում ենք անհապաղ անվավեր ճանաչել այդ որոշումը»: