Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Կարեն Արայանի դատավարությունը: Վեջինս մեղադրվում է իր նախկին ընկերուհու` «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ:

Դատավարությունը` դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ, ընթանում է դռնփակ, քանի որ նիստի ընթացքում կարող են անձնական բնույթի տեղեկություններ հրապարակվել: Նիստը պետք է մեկնարկեր ժամը 15-ին, սակայն Անժելա Սարգսյանն ու իր ներկայացուցիչը չէին ներկայացել դատարան: Երկու ժամից ավելի սպասելուց հետո դատավորը սկսել է նիստը, որը, ինչպես մեզ հայտնեց դատարանի մեր աղբյուրը, ըստ ամենայնի, կհետաձգվի:

Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը:

Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: