Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2012 թ. 3 գերակա խնդիր է առանձնացրել: Այդ մասին այսօր` հունվարի 24-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այդ 3 գերակա խնդիրներն են.

1.Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականություն:

Արդյունաբերական քաղաքականության իրականացման համար արդեն իսկ մշակվել եւ կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»: Փաստաթուղթը, ըստ Տ. Սարգսյանի, պրագմատիկ է, համապարփակ եւ ճկուն: Առաջիկայում կձեւավորվի արդյունաբերական խորհուրդ, որը կղեկավարի ՀՀ վարչապետը, որտեղ կընդգրկվեն նաեւ մասնավոր հատվածի եւ միջազգային կազմակերպություների ներկայացուցիչները: Այնուհետ կձեւավորվեն ճյուղային խորհուրդներ: Որպես տնտեսության խթաններ դիտարկվելու են հարկային արտոնությունները (հարկերի վճարման հետաձգումները), մաքսային հատուկ ռեժիմների կիրառումը, տնտեսության ուղղակի վարկավորումը:  

2. doing business վարկանշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարելավում: 2012 թ. աշխատանքներ կտարվեն doing business-ի դասակարգման համար հիմք հանդիսացող բոլոր 10 բաղադրիչների բարելավման ոււղությամբ, մասնավորապես` հարկային եւ մաքսային գործընթացների պարզեցում եւ թափանցիկության բարձրացում, քաղաքաշինական թույլտվությունների արագացում, ձեռնարկությունների փակման գործընթացի նպարզեցում եւ այլն:

3.  ՀՀ-ԵՄ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ: Այս աշխատանքները նախաձեռնվել են 2009 թ., զուգահեռ դրանք ընթանում են նաեւ Մոլդովայում եւ Վրաստանում: Սա թույլ կտա հայկական ձեռնարկություններին` ավելի ազատո առեւտուր իրականացնել Եվրոպայի հետ, որ աշխարհում ամենավճարունակ շուկաներից մեկն է:

Ըստ էկոնոմիկայի նախարարի` Հայաստանը 2012 թ. կունենա այն «դինամիկ եւ խոստումնալից զարգացումը», որ կար 2011 թ. (սպասվում է 4.6 % տնտեսական աճ):