Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում այսօր` հունվարի 24-ին,  տեղի է ունեցել  աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից 2011թ. Լոռիի մարզի  հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը եւ մարզպետարանի ներկայացուցիչներ:

Կարեւորելով տեսչական ուսումնասիրությունների արդյունավետությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանը նշել է. «Կրթության ոլորտում ցանկացած ուսումնասիրություն եւ ստուգում մեկ  գլխավոր նպատակ է հետապնդում՝ կրթության որակի բարձրացում: Այս քննարկումների ընթացքում մենք պետք է, վերլուծելով առկա թերություններն ու բացթողումները, փորձենք հասնել դրանց բացառմանը»:

Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը, ներկայացնելով տեսչության կողմից իրականացված  ստուգումները, նշել է, որ արձանագրված  թերությունները հիմնականում ընդհանուր բնույթի են եղել, որոնք առկա են  նաեւ այլ մարզերի դպրոցներում:

Ներկայացված զեկույցի համաձայն՝ Լոռու մարզի դպրոցներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում  արձանագրված թերացումները  վերաբերել են դպրոցական ուսումնական պլանների կազմմանը,  ուսուցիչների մրցութային կարգով ընտրությանը  եւ այլ հարցերի: Մասնավորապես, մարզի հեռավոր եւ սահմանամերձ գյուղերում առկա է մանկավարժ մասնագետների պակաս, ինչով պայմանավորված ուսուցչի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները մի շարք դեպքերում հավակնորդների բացակայության պատճառով չեն կայանում:

 Խորհրդակցոթյան արդյունքում առաջարկվել  է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության հանձնարարականների ու եզրակացության հիման վրա ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ: