Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել, կապված հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութ տրամադրելու ծրագրի հետ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի վերաբերյալ բնակչությունից ստացված հարցադրումների եւ որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ
1. Համայնքների ղեկավարները, հաշվի առնելով բնակիչներից ստացված պահանջարկը, պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց պետք է գանձեն 6000 դրամ եւ ոչ ավելի եւ գումարները փոխանցեն մատակարարող կազմակերպությանը:
2. Պարարտանյութի փոխադրման եւ ճանապարհածախսի համար բնակիչները լրացուցիչ չպետք է վճարեն: Պարարտանյութի փոխադրման եւ պատվիրված խմբաքանակը համայնքներ հասցնելու գործընթացն իրականացվում է կազմակերպված` կառավարության ջանքերով եւ համապատասխան մարզպետի աջակցությամբ: Համայնքներում արդեն համայնքների ղեկավարները պետք է ապահովեն բեռնաթափումը, պահեստավորումը, բաշխումը, ընդունման-հանձնման փաստաթղթերի ստորագրումը:
3.Աշխատանքների համակարգման համար կառավարությունում ձեւավորվել է օպերատիվ շտաբ` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ղեկավարությամբ: Շտաբի կազմում են տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը եւ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը: Պարարտանյութերի բաշխման գործընթացի, ինչպես նաեւ վերոնշյալ ընթացակարգերից շեղումների պարագայում բնակիչները կարող են զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գծով` 54 19 68 հեռախոսահամարով»:



























