Էլեկտրոնային շփումը խրախուսելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեում էլեկտրոնային հարկ վճարողների համար 2012-ի հունվարի 1-ից գործում է հարկ վճարողների էլեկտրոնային` անձնական գրասենյակը ինչը հարկատուների եւ հարկային մարմինների միջեւ առցանց շփման կատարելագործում է ենթադրում:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բիզնես-գրասենյակի միջոցով գործարարները կարող են առցանց ռեժիմում տեղեկացված լինել իրենց վճարումների, ծանուցումների, ինչպես նաեւ հաշվետվությունների ուշացման եւ վճարումներ չկատարելու վերաբերյալ:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով, էլեկտրոնային` անձնական գրասենյակի ներդրումը եւս մեկ քայլ է ուղղված ՊԵԿ-ի եւ հարկ վճարողների միջեւ երկխոսության զարգացմանը:

«Մեր նպատակն է, որպեսզի ՊԵԿ տեղեկատվական բազան եւ  հարկ վճարողների կողմից ուղարկված տեղեկություններն անընդհատ թարմացվեն,  ինչը հնարավորություն կտա գործել ոչ թե պատժամիջոցների, այլ ծանուցումների մեխանիզմով: Աստիճանաբար կընդլայնվեն մատուցվող  ծառայությունները, կբարելավվի որակը, որպեսզի հարկ վճարողներն օգտվեն եւ երկխոսեն կոմիտեի հետ»,-ասել է նա:

Այսպես, էլեկտրոնային գրասենյակը գործարարին նախեւառաջ հնարավորություն է ընձեռում առաջինը տեղեկացված լինել ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված նորություններից, որոնք զետեղվում են անձնական գրասենյակի հենց առաջին բաժնում: Իսկ երկրորդ բաժնում՝ անձնագրային տվյալներն են. գործարարն օն-լայն կարող է տեսնել իր ղեկավարած կազմակերպության վերաբերյալ բոլոր այն տվայները որոնք առկա են «Հարկատու-3» համակարգում: Դրանք են` գործունեության հասցեները, բանկային հաշիվները, տնօրենի եւ հաշվապահի մասին, գործունեության ոլորտների եւ առկա լիցենզիաների, ինչպես նաեւ դրանց կարգավիճակների վերաբերյալ տեղեկությունները, գրանցված օբյեկտները եւ ՀԴՄ-ները կրկին իրենց կարգավիճակներով։ Ընդ որում, էլեկտրոնային հարկ վճարողը ոչ միայն կարող է ստուգել այս տվյալների ճշտությունն, այլեւ անճշտություն հայտնաբերելու դեպքում տեղեկացնել հարկային մարմիններին:

Գործարարի անձնական գրասենյակի արդյունավետությունն առաջինը գնահատում են հենց Էլեկտրոնային հարկ վճարողները. ՙՀարկատուների համար անձնական գրասենյակը մեծ առավելություն ունի այն առումով, որ շատ արագ եւ ավելի հեշտ, միեւնույն ժամանակ հավաստի կարող ենք իմանալ մեզ անհրաժեշտ տեղեկությունները, նորություններն ու փոփոխությունները»,-վստահեցրել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի գլխավոր հաշվապահ Նվարդ Անանյանը: Իսկ ՙԱմերիա աուդիտ՚ ՓԲԸ խորհրդատվական ծառայության ղեկավար ՍամվելԴանիելյանը նկատում է, որ անձնական գրասենյակի միջոցով նվազագույնի է հասցվում ՊԵԿ-հարկատու շփումը:

Ի դեպ, անձնական գրասենյակն առաջիկայում կհամալրվի եւս մի քանի նորույթներով: Ըստ  տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի, գործարարը հնարավորություն կունենա օն-լայն ռեժիմով դիտել անձնական հաշվի քարտի շարժը, ինչպես նաեւ հենց անձնական գրասենյակից իրականացնել էլեկտրոնային վճարումներ: «Մենք հակված ենք մեկ կետից` էլեկտրոնային եղանակով շփվել հարկ վճարողների հետ»,-ընդգծել է Միքայել Փաշայանը:

Գործարարի անձնական գրասենյակի կիրառմամբ ՊԵԿ-հարկատու էլեկտրոնային շփումը տեղափոխվում է որակական նոր հարթություն: