Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հունվարի 25-ին Երեւանի պետական համալսարանում տեղի է ունեցել հոբելյանական գիտաժողով:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-համալսարան կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին եւ մի խումբ դասախոսների, ինչպես նաեւ համալսարանական զոհված ազատամարտիկների հարազատների պարգեւատրել է «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով:
Ստորեւ ներկայացնում են գիտաժողովում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը.
«Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի նախօրեին պաշտպանության նախարարությունը եւ նրա թերեւս ամենահին ու ակտիվ գործընկերներից Երեւանի պետական համալսարանը նախաձեռնեցին հոբելյանական այս գիտաժողովը, որը տրամաբանական շարունակությունն է գիտամշակութային ասպարեզում զինված ուժերի եւ հանրապետության մայր բուհի համատեղ ջանքերի: Միայն անցած տարի տեղի ունեցան նման երկու խոշոր միջոցառում` «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» գիտաժողովը, որի ամենաակտիվ մասնակիցներից մեկը վերստին ԵՊՀ-ն էր, եւ ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի կողմից «Միացյալ Հայաստան» կրթամշակութային արշավը դեպի Արցախ, որի շրջանակներում էլ Մարտակերտում տեղի ունեցավ «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» գիտագործնական կոնֆերանսը: Իսկ 2010 թվականի գարնանը բանակում մեկնարկած «Պատմության եւ մշակույթի էջեր» կրթաճանաչողական ընդգրկուն ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուր չորրորդը Երեւանի պետական համալսարանի դասախոս է:
Երեւանի պետական համալսարանը բացառիկ ավանդ ունի ինչպես Հայաստանում հիմնարար գիտությունների զարգացման, այնպես էլ նրա նվաճումների կիրառման ուղիների մշակման գործում: Արցախյան ազատամարտի տարիներին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աշխատակիցների ջանքերով պատրաստվեցին գնդակների ձուլման հատուկ կաղապարներ, իսկ քիմիական ֆակուլտետում Հայաստանում առաջին անգամ սինթեզվեց հրթիռային վառելանյութ: Նույն կերպ էլ համալսարանի այլ ֆակուլտետների դասախոսներ, պարբերաբար մեկնելով հեռու ու մոտիկ կայազորեր, զորամասերը դարձրեցին հայագիտական առարկաների կիրառության դաշտ:
Չի կարելի բանակի մասին դատել ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նեղ շահերի, միջկուսակցական բախումների եւ, ի վերջո, տարբեր հանգամանքերի զուգորդման արդյունքում տվյալ պահին ձեւավորված հասարակական տրամադրությունների լույսի ներքո: Դրանք անընդհատ փոխվում են, հարմարվում այսրոպեական իրողություններին, իսկ բանակը լուռ շարունակում է կատարել նույն գործառույթները, եւ անհասկանալի է դառնում, թե ինչու էին երեկ գովաբանում զինված ուժերին, այսօր անխնա քննադատում, իսկ վաղը վերադառնալու են երեկ չէ առաջին օրվա հայացքներին:
Դրա պատճառը բանակի դերի գնահատման գիտականորեն հիմնավորված մեթոդաբանության բացակայությունն է, եւ համոզված եմ, որ այս գիտաժողովն առաջին լուրջ քայլերից մեկը կլինի` բանակի դերի ըմբռնման ասպարեզում ավելի լայն հայացքներ ձեւավորելու եւ զգացմունքայինից դեպի անկողմնակալ դիրքեր անցնելու ասպարեզում: Այս ճանապարհին անհրաժեշտ է նկատի առնել նաեւ մեկ այլ կարեւոր իրողություն: Զինված ուժերը միայն հրանոթների, հրթիռների ու տանկերի, այսինքն` կրակային խոցման եւ դրանցից պաշտպանվելու միջոցների պարզ համադրություն չեն: Բանակն ինքնին գիտատար հասկացություն է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ արդիական սպառազինության ձեռքբերման ու ամեն մարտահրավերի ռազմատեխնիկական առումով արձագանքել կարողանալու պարտադրանքով զինված ուժերը մեծ դեր են խաղում երկրի գիտությունն ու արդյունաբերությունն առաջ մղելու գործում:
Հայաստանի ՊՆ կազմում գործում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որի երկու աշխատակիցների զեկուցումները մենք կլսենք գիտաժողովի երկրորդ նիստում, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, որի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով ստեղծվեց նոր սերնդի հայկական բարձրտեխնոլոգիական զենքի առաջնեկներից մեկը` «Կռունկ» անօդաչու թռչող սարքը, Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում գործող ռազմանվագախմբային բաժինը: Իսկ պաշտպանական արդյունաբերության պատվերների կատարման գործում ընդգրկված գիտահետազոտական հաստատությունների հետ իրականացվող աշխատանքներն ավելորդ եմ համարում մանրամասնել: Այնպես որ, հանդիսանալով գիտատար ասպարեզ, բանակն իր նկատմամբ պահանջում է գիտականորեն հիմնավորված մոտեցում:
Անցած տարիներին մեր գիտնականների ջանքերով եւ պաշտպանության նախարարության աջակցությամբ բավական քայլեր են կատարվել այս ուղղությամբ: Կազմակերպվել են գիտական կոնֆերանսներ, սեմինարքննարկումներ, պաշտպանության նախարարության աջակցությամբ հրատարակվել են հայոց ռազմարվեստի պատմությանը, կանոնավոր բանակի զինծառայողի արժեհամակարգին, Արցախյան ազատամարտի պատմության տարբեր դրվագներին նվիրված գրքեր եւ աշխատություններ, որոնց շնորհանդեսը կայացել է պաշտպանության նախարարությունում, եւ այդ հրատարակություններն իրենց տեղն են գտել ոչ միայն գիտական հաստատությունների գրադարակներում, այլեւ զորամասային գրադարաններում:
Տարակույս չունեմ, որ հայկական բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված այս հոբելյանական գիտաժողովը խոշոր քայլ կլինի` մեր պատմության եւ հատկապես անկախության վերականգնմանը հաջորդած երկու տասնամյակների պատմության շրջագծում կանոնավոր բանակի ունեցած տեղի, դերի ու նշանակության ճիշտ սահմանման, պատմական օբյեկտիվ գործընթացների հոլովույթում բանակաշինության ընթացքի գիտականորեն հիմնավորված գնահատման ասպարեզում: Միաժամանակ ուրախ եմ, որ այդ հարցերի պատասխանները որոնվում են համալսարանական ինքնին բարձր միջավայրում:
Սակայն մեր խնդիրը չպիտի սահմանափակվի միայն հարցի քննությունը զգացմունքային մակարդակից դեպի պատմականորեն հիմնավորված գիտականահենք հարթություն տեղափոխելը: Բանակը ռազմատեխնիկական կառույցների ու գիտատեխնիկական ենթակառուցվածքների մի մեծ ու անընդհատ զարգացող ամբողջություն է: Բերեմ լոկ մի քանի բնութագրական օրինակներ:
Քսան տարի առաջ ավտոմատը ձեռքին ու ռադիոկայանքը մեջքին մարտնչելուն զուգընթաց, զինվորական կապավորները մի քանի տարի անց ստեղծեցին զորքերի ավտոմատ ղեկավարման համակարգը, որն այժմ գտնվում է արդիականացման փուլում: Իրենց դժվարին խնդիրը պատվով կատարեցին նաեւ բժիշկները եւ վիրավոր մարտիկների շուրջ 80 տոկոսը, վերադառնալով շարք, շարունակեց պայքարը հանուն հաղթանակի: Խորհրդային ժամանակներում չիրականացնելով ռազմական նշանակության որեւէ արտադրանքի սերիական արտադրություն` 1992 թվականին Հայաստանը գրեթե զրոյից սկսեց ռազմաարդյունաբերական համալիրի ստեղ¬ծումն ու կայացումը: Իսկ այսօր մեր ձեռնարկություններում է նորոգվում սպառազինության ու ռազմական տեխնիկայի ողջ տեսականին:
Միաժամանակ, վերջին տասը տարիներին հսկայական աշխատանք է կատարվել նաեւ միջազգային ռազմական համագործակցության ասպարեզում: Զարգանում են երկկողմ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ եվրոպական պետությունների, Ուկրաինայի, Բելառուսի, Չինաստանի եւ Իրանի հետ: Իսկ ռազմաքաղաքական դաշինքների հետ համագործակցության հարթությունում մենք գործուն մասնակցություն ունենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ու Հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերին, համատեղ աշխատում ենք ԵԱՀԿ-ի եւ մեր ամենահին` քսան տարիների գործընկեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Եվ նման բազմաբեւեռ ու բազմաճյուղ ռազմական համագործակցությունը հուշում է, որ գիտական այսպիսի հավաքներում խոսք ունեն ասելու նաեւ միջազգայնագետները:
Իսկ ընդհանրապես, հայկական բանակի ուղին եւ առաջիկայում անցնելիք ճանապարհի ուղենիշները հիմնարար ու կիրառական այլ գիտությունների քննարկման խնդիրներ են եւ պիտի մշակվեն ու հստակեցվեն այդ ասպարեզների գիտաժողովներում ու գիտագործնական կոնֆերանսներում, եւ շատ կցանկանայի, որ այսօրվա հավաքն օրինակ հանդիսանար նաեւ մյուս գիտությունների ներկայացուցիչների համար:
Շնորհավորում եմ բոլորիս առաջիկա թանկ ու նվիրական տոնի առթիվ եւ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական գիտաժողովին մաղթում արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք»:




























