Հունվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(Պոլիտեխնիկ) խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) խորհրդի նախագահը ներկայացրել է օրակարգում ընդգրկված հարցերը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 2011թ. գործունեության հաշվետվությունը եւ 2012թ. ֆինանսական եկամուտների եւ ծախսերի նախահաշիվների մասին:
Օրակարգի հարցերի շուրջ ելույթով հանդես է եկել ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը, ով նախ շնորհավորել է համալսարանի խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, իսկ խորհրդի անդամ Տարոն Մարգարյանին` Երեւանի քաղաքապետ ընտրվելու առթիվ:
Ռեկտորի ելույթից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:
Սամվել Նիկոյանը մասնավորապես նշել է, որ կատարվող ծախսերը պետք է նպատակային լինեն` ունենան նախապես հստակեցված ուղղվածություններ: Նպատակահարմար է համարվել, որ նախահաշիվները հնարավորինս մոտեցվեն պետական բյուջեի ծրագրային մոդելին, այսինքն` յուրաքանչյուր ֆինանսական հատկացում ունենա որոշակի, տեսանելի եւ չափելի նպատակակետ, ինչպես նաեւ ներդրվի արդյունքների քանակապես չափելի գնահատման համակարգ:
ԱԺ նախագահի առաջարկով օրակարգում ընդգրկված հարցերը դրվել են քվեարկության: Խորհուրդը որոշել է ընդունել 2011թ. գործունեության հաշվետվությունը` համալսարանի 2011թ. գործունեությունը գնահատելով դրական, ինչպես նաեւ հաստատել 2012թ. ֆինանսական եկամուտների եւ ծախսերի նախահաշիվները:




























