Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունվարի 26-ին կառավարության նիստում հանձնարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` հանդիպել «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության հետ եւ քննարկել նրանց հետ Քաջարան գյուղի խնդիրը: Վարչապետի այդ հանձնարարականի համար հիմք է հանդիսացել խմբակցության նամակը կառավարությանը:

Կառավարության նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանը լրագրողներին ասաց, որ հաճելիորեն զարմացած է վարչապետի այդ հանձնարարականով: Տիկ. Բաշխյանի կարծիքով` նման հանձնարարականի կարիք չկար, պարզապես էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը արհեստականորեն ձգձգել է հարցի քննարկումը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի 5 գյուղերի վարչական սահմաններում գտնվող հողերի նկատմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վաճառելու նպատակով: Այս որոշմանը դեմ են այդ գյուղերի բնակիչները ու բնապահպանները, իսկ Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարականի դիմում է ներկայացրել: