Յոթ հասարակական կազմակերպություններ դիմում են ներկայացրել Հայաստանի նախագահին, ԱԺ նախագահին, ՍԴ նախագահին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին ու Հանրային խորհրդի նախագահին, որտեղ անդրադառնում են 104 ցմահ դատապարտյալների խնդրին:
Ստորեւ ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ.
«Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ, ինչը բավականին մեծ թիվ է մեր 2,5 միլիոնանոց բնակչության պարագայում: Սա մերկապարանոց դիտարկում չէ: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը եւս մեր երկիր կատարած իր վերջին այցի ժամանակ մտահոգություն էր հայտնել ցմահ դատապարտվածների թվի վերաբերյալ: Օրերս ԱԺ-ում դատաիրավական բարեփոխումների փաթեթի լսումների ժամանակ նույն թեմային էր անդրադարձել նաեւ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով. «Մեկ շնչի հաշվով ցմահ դատապարտվածների թիվը բավական շատ է մեր երկրի համար: Մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներից Էստոնիայում ցմահ ազատազրկվածները վեցն են, իսկ Սլովակիայում՝ չորսը»: Այս օրինակները կարելի է շարունակել: Այսպես` Նիդերլանդներ – 16.5 մլն բնակչություն- 120 ցմահ դատապարտյալ, Շվեդիա – 9.5 մլն բնակչություն- 170 ցմահ դատապարտյալ եւ այլն:
Մենք` <Ցմահ ազատազրկում. ՀՀ նախագահի 2003 թ.-ի հրամանագրից մինչեւ 2011թ.-ի Քր.Օր.-ի վերջին փոփոխությունները> թեմայով կլոր սեղանի մասնակիցներս եւս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում ցմահ դատապարտյալների մեծ թվի առնչությամբ: Նրանց 104 հոգանոց խումբը, սակայն, միատարր չէ. կան տարբերություններ` սկսած հանցանքը կատարելու պահին անձի տարիքից, դատվածությունների քանակից մինչեւ մեղադրանքի տեսակ եւ որակ: Մինչդեռ պատժի կիրառման հետ կապված որեւէ տարբերակում, ըստ մեր օրենսդրության, նախատեսված չէ: Ավելորդ չենք համարում նշել, որ Հայաստանի ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաեւ 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչեւ ութ մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաեւ բազմակի դատվածություններ ունեցողներ: Ուստի ցմահ դատապարտյալների թվի կրճատման նպատակով առաջարկում ենք`
1. Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը եւ կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցում կիսափակի, հետո նաեւ` կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում: Ամենազարգացած փորձը Անգլիայում եւ Իտալիայում է:
2. Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները դարձնել ճկուն` հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը եւ այլն: Օրինակ`20 տարուց վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե անձի 21 տարին լրացած չի եղել հանցանքը կատարելու պահին /Ֆիննլանդիայի փորձով/ կամ վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե առաջին դատվածությամբ է անձը դատապարտվել ցմահ ազատազրկման /Բելգիայի փորձով/: Եվ առհասարակ, առաջարկում ենք իջեցնել ցմահ ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատ արձակման շեմը 20-ից 15-ի:
3. Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 15-ը ցմահ են դատապարտվել են զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18-20 տարեկանում: Մինչդեռ Ավստրիայում եւ Շվեդիայում եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձեւավորված չէ: Առաջարկում ենք Հայաստանի Քր. Օր.-ում փոփոխություն կատարել եւ ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21:
4. Քր. Դատավարության Օրեսգրքում փոփոխություններ կատարել եւ իրեղեն ապացույց հանդիսացող իրերը չոչնչացնել, հատկապես երբ խոսք է գնում երկարատեւ դատապարտմանն ու ցմահ ազատազրկմանը: Գիտության զարգացմամբ եւ ԴՆԹ թեսթի կիրառմամբ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ քիչ չեն աշխարհում դատական սխալների շտկումները եւ ուշացած հաղթանակները:
5. Ո՛չ 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ-ի մայիսի 23-ի Քր.Օր.-ի փոփոխություններին չհետեւեցին ցմահ դատապարտյալների գործերի ուպատժաչափերի վերանայումներ: 2006 թ-ին եւ 2011-ին տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ: Կոչ ենք անում սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ` հաշվի առնելով նաեւ դատական սխալներ հավանականությունը:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաեւ Հայաստանում ցմահ ազատազրկման հետ կապված հետեւյալ խնդիրներին.
1.Դեռեւս 2009 թ-ի հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի եւ Հանրային խորհրդի նախագահի անունով 12.500 ՀՀ քաղաքացիներից /կից ստորագրություններով/ դիմումներ են հանձնվել Նախագահի նստավայր եւ Հանրային խորհուրդ` Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկություններով:
Անցել է մոտ երեք տարի, սակայն առ այսօր որեւէ պատասխան չի տրվել դիմումի հեղինակներին:
2. Վերը նշված դիմումի մեջ առաջարկություն կար կրճատել որոշակի տարիներով պատժի առավելագույն չափի եւ ցմահ դատապարտության միջեւ եղած տարբերությունը` 15 տարվա ազատազրկումը` դարձնելով 20 տարի:
3. 2011 թ-ի մայիսի 23-ին ԱԺ-ն ընդունեց <Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին> նախագիծը, որով 15 տարվա պատժաչափը փոխարինվեց 20-ի: Օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմեցին դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն եւ ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չունեցավ դատարաններում: Արդյո՞ք սա նշանակում է, որ 97 –ն էլ, եթե դատապարտվեին մեր օրերում, բոլորն էլ կդատապարտվեին ցմահ ազատազրկման:
Մենք`այս կլոր սեղանի մասնակիցներս, համոզված ենք, որ ցմահ դատապարտյալների հարցում օրենսդրական ճկուն մեխանիզմներ ստեղծելով եւ գործերի վերանայմամբ, հնարավոր կլինի էականորեն կրճատել ցմահ դատապարտյալների թիվը` որոշ դեպքերում ապահովելով նրանց վերադարձը հասարակություն»
P.S. Այս դիմումը բաց է ստորագրման համար:




























